Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 2 տարի առաջ - 18:10 16-11-2021

Հողերի հանձնումը լեգիտիմացնելու համար իշխանությունը դերասանություն է անում. Ալեն Ղևոնդյան

Սահմանային լարված իրավիճակի, Պաշտպանության նախարարի հաստիքում նոր մարդկանց նշանակելու և իմիտացիուն պատերազմի վերաբերյալ Oragir.news-ը զրուցեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։

Պաշտոնական Բաքուն հայտնում է հայ զինվորների գերեվարման մասին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայկական Զինված ուժերն այսօր Քարվաճառի և Լաչինի շրջաններում «լայնածավալ ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Թե քանի՞ հոգի է գերեվարվել, Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հստակեցնում և փաստացի ունենք մի իրավիճակ, որ թշնամին դիրքեր է գրավում, ինչի մասին ՊՆ-ն հերքում է, իսկ հասարակությունը, ընդդիմությունը ցույցեր են անում։ Ընդհանուր առմամբ, կա տեսակետ, որ վարչապետը պետք է ստորագրի համաձայնագիր, որով պետք է տա էլի տարածքներ։ Թե ինչո՞վ է պայմանավորված նախարարների՝ այսքան շատ փոխվելու գործընթացը և իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծման կհասնենք՝ քաղաքագետն ասաց. «Մի քանի օր առաջ հայկական կողմը ամենաբարձր մակարդակով հերքում էր, որ Ջերմուկի հատվածում դիրքեր են հանձնել, հետո փաստորեն երեկ, թե այսօր հաստատվեց, որ այո՛, ոչ միայն հանձնել են, այլ ծանր տեխնիկայի ներգրավվածությամբ է տեղի ունեցել այդ գործընթացը, սակայն դրա ապացուցմանը եկան այն տեսանյութերը, որոնք ադրբեջանական կողմը տելեգրամյան ալիքներով տարածում էր, որոնք փաստացի ապացուցում են, որ այդպիսի միջադեպ տեղի է ունեցել։ Այսինքն՝ տեղի ունեցել է հանձնում, ոչ թե գրավում, իսկ հայկական կողմում սկզբում երկկողմանի կրակահերթ է եղել, հետո հայկական կողմի և ադրբեջանական կողմի միջև կապ է հաստատվել և վերադասների մակարդակով հայկական կողմին հրահանգավորվել է, որ կրակ չարձակեն։ Դրանից հետո ադրբեջանական կողմը դիրքային առաջընթաց է ապահովել, հավաքել են հայկական կողմի զինվորականների ինքնաձիգները, հայերին հանել են իրենց խրամատներից, իսկ իրենք, երբ վերցրել են այդ հատվածները, հետո վերադարձրել են ինքնաձիգները։ Ունեցել ենք այսպիսի իրավիճակ և այս ամենը նոր չէ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից 44-օրյա պատերազմի մեկնարկից ի վեր, այս ստի քաղաքականությունը հանդիսանում է ՀՀ պաշտոնական քաղաքականությունը և ուղղված է սեփական հասարակությանը մոլորեցնելուն և խաբելուն՝ սպասարկելու Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների շահերը, միաժամանակ փորձելով ռուսներին մեծ պատերազմի մեջ ներգրավվել՝ իմիտացիոն դիմադրություն ցույց տալով Ադրբեջանին։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք ադրբեջանական տեղեկատվական նշյալ հոսքերի մասին, ապա վերջին մի քանի ամիսների և պատերազմական իրողությունների փաստերը առնվազն գալիս են վկայելու, որ սովորաբար նրանք վերջում ճիշտ են դուրս գալիս, իսկ մենք՝ սխալ։ Նախ՝ դա գերատեսչության թերացում է, որը կարծես պատվերով է իրականացվում։

Իսկ ինչ վերբերում է ՊՆ փոփոխություններին, ապա դրանք կապված են եղել տարբեր իրողությունների հետ. Տոնոյան Դավիթին փոխարինեց Վաղարշակ Հարությունյանը այլ կոնտեքստում, իսկ Վաղարշակին Արշակը՝ այլ կոնտեքստում, դրանք նույնաբովանդակ, համարժեք և շարունակական փոփոխություններ չեն և դա առհասարակ պետք է փաստել։ Իրազեկ մարդիկ կհասկանան ես՝ ինչի մասին եմ խոսում։ Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանի հրաժարականին, ապա դա, ամենայն հավանականությամբ, կապված է եղել նահանջի գործողությունների և իմիտացիոն գործողությունները իրացնելու քաղաքական հրահանգի հետ, որը նա ստացել է երկրի ղեկավարության կողմից և չեմ բացառում, որ հրաժարվել է այդ հրամանն իրականացնել։ Այսինքն՝ տարածքներ հանձնել Ադրբեջանին, որը հավանաբար մեծագույն հավանականությամբ ՀՀ գործող վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածության արդյունք է։

Իմիտացիոն պատերազմի ցավալի դրսևորում ունեցել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ կողմերից մեկը ՝ հայկական կողմը, անհրաժեշտ ջանք ու եռանդ չի գործարկում կամ չի նախապատրաստում իր ստորաբաժանումներին, բանակին, հասարակությանը ռազմական գործողությունների վերսկսմանը, բուն ռազմական գործողությունների ժամանակ անհրաժեշտ խնդիրների լուծման ուղղությամբ ջանքեր չի գործադրում՝ ասենք ռազմական հետախուզությանը չի ուղարկում իր կոնկրետ խնդիր լուծելուն, այլ սահմանապահ կամ դիրքապահ ֆունկցիաներ է փոխանցում, որպեսզի նրանք այդ գործառույթներն իրականացնեն՝ իմանալով բանակում առկա խնդիրները ու անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, հասկանալով, որ ռազմական և արտակարգ իրավիճակներում այդ խնդիրները կարող են վճռորոշ լինել պատերազմի արդյունքի տեսանկյունից և մեծ հաշվով սպասակում է պետության՝ կոնկրետ այս դեպքում Ադրբեջանի շահերը, այս կամ այն քաղաքական հանգամանքից ելնելով, այսինքն՝ ցույց են տալիս, որ դիմադրություն են գործարկում ռազմական իմաստով, մինչդեռ դա դերասանություն է և պատվիրակված ինչ-որ պրոցես, և հողերի հանձնումը լեգիտիմացնելու համար իր սեփական բանակի մարտիկների չափով անհրաժեշտ զոհեր է տալիս»- եզրափակեց նա։

Քնարիկ Պետրոսյան