Խոսք 4 տարի առաջ - 20:02 11-11-2021

Փաստացիորեն դեմարկացիա է կատարվում` առանց հստակ ու հրապարակային հայտարարության. Ալեն Ղևոնդյան

Թե ի՞նչ իրավական հիմք ունի Ախ քարտուղար Արմեն Գևորգյանի այսօրվա հայտարարությունը, ինչո՞ւ է դա տեղի ունենում հիմա, ինչո՞ւ Գորիս-Կապան ավտոճանապահով անցնելու համար ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն ու այլ կարևոր հարցերի շուրջ Oragir.news-ը զրուցել է ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ, ով ասաց. «Ընդհանրապես, Գորիս-Կապան ավտոճանապարհի հետ կապված վիճակը ի սկզբանե խնդրահարույց էր, ՀՀ գործող վարչապետը Կառավարության նիստի ժամանակ ռեգիոնի երկու գյուղերը անվանեց ադրբեջաներեն ինչ-որ հոմանիշներով, հետագայում դաշտ գցեցին, որ դա որպես ակտ էր եղել ասելու, որ դրանք հայկական չեն։ Այդ տրամաբանության ներքո Գորիս-Կապանում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները սկսեցին ամրաշինական աշխատանքներ ու անցակետ դնել, և արդյունքում ի՞նչ ունեցանք։ Ունեցանք Իրանի բեռնափոխադրող կազմակերպություններից երկուսի վարորդների ձերբակալություն, ովքեր մինչ օրս գտնվում են ադրբեջանական իրավապահ մարմինների վերահսկողության ներքո։ Փաստացի, գործնականում հասարակաության որևէ շերտի տեղյակ չի պահվել, որ այդ հատվածի հետ կապված ՀՀ և Ադրբեջանի Հանրապետությունը որևէ պայմանագիր, համաձայնություն կամ հայտարարություն է ստորագրել։ Հետևաբար՝ իրավունքի տեսանկյունից՝ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, անցակետը, կամ այսօրվանից մաքսակետը՝ գտնվում է ՀՀ տարածքում և դրա համար իրավական որևէ հիմքեր գոյություն չունեն։ Այստեղ խնդիրը ավելի շատ քաղաքական բնույթի է, քանի որ ՀՀ-ն սպասարկում է Ադրբեջանի Հանրապետության շահերը և տարբեր հատվածներում նրանց փոխանցելով հավանաբար արդեն դեմարկացիայի հիմք հանդիսացող՝ ենթադրում եմ 1976 թվականի Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիմքով բնակավայրերը, և մենք այսօր ականատես ենք դրա հերթական դրսևորմանը։ Այսինքն՝ ՀՀ Կառավարության շուրթերով հնչեցեց, որ այդ տարածքները լիարժեքորեն և ամբողջությամբ ադրբեջանական են, և նրանք մաքսակետ են դրել իրենց տարածքում, և ՀՀ քաղաքացիները, քաղաքացիական բիզնես-լոգիստիկ գործունեությամբ զբաղվող մարդիկ կարող են այդ հատվածով շրջագայել որոշակի ֆինանսական վճարների պարագայում։ Այսինքն՝ փաստացի քաղաքական իմաստով ունենք մի իրավիճակ, որ Ադրբեջանը ՀՀ-ի չդեմարկացված տարածքում անցակետ է դրել և մեզ վրա մեր տարածքում տեղափոխվելը վաճառում է։ Սա նոր մոտեցում չէ ՀՀ գործող Կառավարության կողմից, ինչպես նաև նոր մոտեցում չէ Ադրբեջանի հետ այդպիսի գործարքների մասին իրազեկող և հասարակությանը տեղյակ պահող ԱԽ քարտուղարի կողմից։ Այսինքն՝ այս ամենը մեծ դավադրության հերթական արարն է, որի մեջ մենք ապրում ենք 2018 թվականից։ Այսինքն՝ ունենք մի պրոցես, որը բխել է անցած տարի նոյեմբերի 9-ին «Տասի» հայտնի հայտարարությունից, որի կետերը որոշակի ժամանակացույցով իրականացվել են։ Դրանք էին տարածքների փոխանցումն Ադրբեջանին, Հայաստանի զորամիավորումների դուրսբերումը Արցախի հարակից տարածքի մի շարք շրջաններից, այդ թվում նաև հետագայում տեղի ունեցող ադրբեջանական ստորաբաժանումների մուտքը ինչպես Վարդենիսի, այնպես էլ Սյունիքի տարածք։ Իսկ հիմա հերթական փուլն է, որը նախապատրաստել է սահմանագծման և սահմանազատման պրոցեսները։ Հաջորդ փուլը լինելու է անկլավների փոխանցումը Ադրբեջանին։ Դրանք մի քանիսն են, որից Երևանին ամենամոտ գտնվողը Տիգրանաշենի կամ Քյարքիի անկլավն է։ Ասել, թե հաջորդը ո՞ր շրջանին է վտանգ սպառնում՝ դժվար է, բայց, իհարկե, կա որոշակի պլանավորում ՀՀ գործող իշխանությունների կողմից։ Ու այս ամեն ինչը այդ պրոցեսի հերթական արարն է կամ փուլը։ Ունենք իրավիճակ, որի պայմաններում փաստացիորեն դեմարկացիա է կատարվում առանց հստակ ու գոնե հրապարակային հայտարարության, որ Ադրբեջանը արդեն սկսել է սահմանազատման ու սահմանագծման գործընթացները։

Քնարիկ Պետրոսյան