Օրեր առաջ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների՝ Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը ներկա լինելու, նոյեմբերի 9-ին սպասվող նոր փաստաթղթի ստորագրման, ադրբեջանա-թուրքական կողմին՝ ՀՀ-ից միջանք ստանալու մասին Oragir.news-ը զրուցել է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։
–Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են Ֆիզուլիի օդանավակայանի բացման արարողությանը, որը 44-օրյա պատերազմից հետո կառուցվել է շատ կարճ ժամանակում՝ 8 ամիս: Ի՞նչ տրամադրություններ են ընդհանուր առմամբ Ադրբեջանում, ի՞նչ է գրում ադրբեջանական մամուլը:
–Երբ Էրդողանը հայտարարեց, որ Ղարաբաղում ստեղծվելիք ցամաքային ու երկաթուղային հաղորդակցությունները տնտեսական և առևտրային նոր հնարավորություններ կբացեն ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ շեշտելով, որ կգա օրը, երբ իրենք կկարողանան Զանգեզուրից մեկնել Ստամբուլ, արագորեն ու ջանասիրաբար տարածվեց: Ընդհանրապես, Էրդողանի ու Ալիևի ցանկացած հայտարարություն, որը կապված է Հայաստանի ու Հայաստանի իշխանության հետ, ջանասիրաբար քարոզում են, հատկապես առանձնացնում են հատվածները, որոնք ավելի հնչեղ են: Էրդողանի հայտարարությունն ինչ-որ ձևով իրենց հուսադրող հայտարարությունն էր՝ մեր կողմից բերված այն հակափաստարկների վերաբերյալ, որ միջանցք չի լինելու, լինելու է ճանապարհ: Բնականաբար այս հայտարարությամբ թուրքական կողմը հաստատեց այն մաքսիմումը, որը ցանկանում են ունենալ: Թուրքիայի նախագահն իր արտաքին շահը սպասարկելու համար փորձում է հայտարարություններում, Պուտինի հետ առանձին հեռախոսազրույցներում ընդգծել, որ Թուրքիան իր ազդեցության տակ է պահում Լեռնային Ղարաբաղի տարածքների վերաբերյալ՝ հօգուտ Ադրբեջանի որևէ լուծում: Իսկ այդ դեպքը կրկին ապացույց էր այն բանի, որ Էրդողանը իր փոքր եղբոր թիկունքին կանգնած է ու հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու է նրան: Իրականում դժվար է ասել, թե կուլիսների հետևում ինչ է բանակցվում, որովհետև այս փուլում տեղեկատվությունը փակ է, ու հստակ չէ՝ միջա՞նցք է լինելու, թե՞ ճանապարհ: Թեև այս իշխանությունը կապիտուլյացիա է ստորագրել, այնուամենայնիվ, հուսով եմ, որ միջանցք չեն տրամադրի, բայց չեմ էլ կարող պնդել, որ մեր իշխանությունը ձգտում է ավելի շատ ծառայել հայկական շահին, քան թուրքական:
–Ադրբեջանական մամուլում ևս քննարկվո՞ւմ է նոյեմբերի 9-ին սպասվող նոր փաստաթղթի ստորագրման մասին:
–Իրականում նրանք մեզ են հղում տալիս՝ նշելով, որ հայկական կողմից այսպիսի ինֆորմացիա կա, բայց հստակ, թե ի՛նչ բովանդակությամբ փաստաթուղթ է, ի՛նչ ակնկալիքներ ունեն, չկա․ մեզ հղում տալով են սահմանափակվում: Ես ենթադրում եմ, որ, այնուամենայնիվ, ինչ-որ փաստաթուղթ ստորագրվելու է, երբ լինի պաշտոնական հանդիպումը ռուսական կողմի հետ, որովհետև ամբողջ տարվա ընթացքում եղել են հանդիպումներ՝ Փաշինյան-Պուտին, Ալիև-Պուտին, փոխվարչապետների մակարդակով են եղել հանդիպումներ, ու ենթադրում եմ, որ տարին պետք է ամփոփեն որևէ արձանագրմամբ: Իսկ թե ի՛նչ հարցեր կլինեն այդ փաստաթղթում, կրկնում եմ՝ դժվար է այժմ ասել, բայց առնվազն այն օկուպացված տարածքների՝ Սև լճի, Վերին Շորժայի, Գորիս-Կապան ճանապարհի մասով որոշակի թղթային ամրագրում կլինի՝ հօգուտ Ադրբեջանի:
–Փաստորեն, ադրբեջանա-թուրքական կողմը շարունակում է պնդել, որ իրենք Հայաստանից միջա՞նցք են ստանալու:
–Այո՛, որովհետև դա իրենց վաղեմի ցանկությունն է, իսկ պատերազմից հետո դրան հասնելու հնարավորություն են ստացել: Մեր խնդիրը պետք է լինի նրանց այդ ցանկությանը դեմ կանգնել ու գոնե ճանապարհ տրամադրել, որը կլինի հայկական կողմի վերահսկողության տակ: Բայց թուրքական կողմի այս ագրեսիվ վարքագիծը, պահանջատիրական տեսանկյունից նկատի ունեմ, վկայում է այն մասին, որ իրենք այդ ցանկությունը ինչ-որ ձևով փորձում են խեղճ վիճակում գտնվող Հայաստանից կորզել:
–Հետաքրքիր է, Ադրբեջանը այսպիսի ակտիվ շինաշխատանքներ իր բուն տարածքում ևս իրականացնո՞ւմ է, ինչպես Արցախի գրավյալ տարածքներում, թե՞ այդ տարածքներում հատուկ նպատակով է դա արվում:
–Ինձ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանն այս ամենն անում է ցուցադրության համար: Եթե օրինակ՝ Բաքվի կենտրոնից 5 կմ շառավղով խորանաք այլ բնակավայրեր, ապա այնտեղ անգամ ասֆալտապատ ճանապարհ չեք գտնի, ու ահավոր վատ բնակեցված տարածքներ են: Ու այս ճանապարհների հիմնանորոգումը, էլեկտրակայանների տեղադրումը, որը հայկական կողմի աչքին ավելի լավ է երևում, արվում է ցուցադրական նպատակով: Հայերին ցույց են տալիս, թե Ադրբեջանը հարուստ երկիր է, և եթե իրենց հետ «եղբայրություն» անենք, ավելի մեծ տնտեսական աճ կունենանք, քան հիմա ունենք: Նույն Հադրութի ավերածությունները, ինչպես կան, այնպես էլ մնացել են, այսինքն՝ Ադրբեջանը ոչ թե ձգտում է իրականում վերակառուցել քաղաքները, այլ զուտ ցուցադրական նպատակով են անում, թե իրենք «ազատագրել» են այդ տարածքները և հիմա բարեկարգում են, բնակեցնելու են: Նաև արտաքին աշխարհին համոզելու խնդիր կա, որ իրենց սանձազերծած ռազմական գործողություններն արդարացնեն:
Քնարիկ Պետրոսյան