Այս տարի ԱՄՆ-ի հարավային սահմանին ՌԴ-ից 4103 անօրինական միգրանտներ են կապ հաստատել ամերիկացի սահմանապահների հետ, որը գրեթե տասն անգամ գերազանցում է անցած տարվա նման շփումների թիվը։ Նախորդ տարի նման 467 դեպք է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Foxnews-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի դաշնային մաքսային և սահմանային ծառայությանը (CBP):
Ռուսաստանցիները մեքսիկա-ամերիկյան սահմանը հատել փորձող միգրանտների ընդհանուր թվի չնչին տոկոսն են կազմում: CBP-ի տվյալներով, այս տարի սահմանին գրանցվել է 1 մլն 700 հազար միգրանտ։ Նրանց կեսը Մեքսիկայի և Կենտրոնական Ամերիկայի երեք երկրների՝ Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի քաղաքացիներ են: Կանխվել է նրանց քառորդ մասի սահմանը անօրինական հատելու կրկնակի փորձը։ Սահմանին հայտնված տասնյակ երկրների քաղաքացիների թվում կան 676 ուկրաինացիներ, Հնդկաստանի, Չինաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։
Հարցումների համաձայն, հարավային սահմանի ճգնաժամային իրավիճակը նախագահ Բայդենի համար վերածվում է քաղաքական խնդրի։