Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:32 01-10-2021

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՄԹ դեսպանին. կողմերը քննարկել են Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հայտնում է փոխվարչապետի գրասենյակը:

Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հանդիպման և ծանոթության համար՝ նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևոր է: Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում բազում չօգտագործված հնարավորություններ կան և անհրաժեշտ է երկուստեք ջանքերի ներդրմամբ նոր օրակարգեր ձևավորել: Սուրեն Պապիկյանն արտահայտել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և գիտակրթական ոլորտներում:

Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ միաժամանակ շնորհավորելով Սուրեն Պապիկյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ գործունեություն: Ներկայացնելով Հայաստանի պետական-քաղաքական տարբեր շրջանակների հետ հանդիպումների արդյունքները՝ նա շեշտել է, որ Միացյալ Թագավորությունը հետաքրքրված է բազմակողմ համագործակցությամբ:

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ գործակցության հեռանկարները տարբեր բնագավառներում, ինչպես օրինակ՝ գործարարության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների, կլիմայի փոփոխության մարտահրավերի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման ուղղությամբ: Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանը հավատարիմ է կառավարման համակարգի բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման քաղաքականությանը: Ըստ նրա՝ Հայաստանը հանձնառու է 2018թ. հեղափոխությունից ստանձնած պարտավորությանը՝ հաստատակամորեն ընթանալու աշխարհի ժողովրդավարական պետությունների ընտանիքի անդամ դառնալու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնացրել է հայ-բրիտանական համագործակցության հնարավոր ուղղությունները տնտեսական ասպարեզում: Մասնավորապես նշվել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթների վերականգնման անհրաժեշտությունը՝ ելնելով երկկողմ համագործակցության խորացման և բիզնես ոլորտի զարգացման անհրաժեշտությունից: Անդրադարձ է կատարվել նաև վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության, գիտության ու կրթության բնագավառներում նոր տեխնոլոգիաների համատեղ կիրառման հնարավորություններին:

Անդրադառնալով հետպատերազմյան շրջանում ստեղծված իրադրությանը՝ փոխվարչապետն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ բազմակողմանի ջանքերի ներդրման անհրաժեշտությունը: Նա գնահատելի է համարել Միացյալ Թագավորության դիրքորոշումն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որը կայուն և երկարատև խաղաղություն կբերի:

Քննարկվել է նաև Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը: Այդ համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է մարզի ճանապարհային ցանցի նորացման, համայնքների զարգացման և բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման նպատակով ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝ վստահություն արտահայտելով, որ մինչև տարեվերջ այդ ուղղությամբ էական տեղաշարժեր են սպասվում:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց