Ներքին 5 տարի առաջ - 22:22 19-09-2021

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի արդյունքները ամփոփվել են

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարի ամենաարաագ հեծանվորդը Արա Սարգսյանն է։ Նա հաղթեց 18-40 տարեկան տղամարդկանց տարիքային խմբում` մարաթոնյան 42 կմ տարածությունը հաղթահարելով 65։34 րոպեում։ Ինչպես Արա Սարգսյանը, այնպես էլ տարիքային մյուս խմբերի հաղթողները` Սաթենիկ Մնացականյանը (36 տարեկանից բարձր կանայք), Կարեն Բարսեղյանը (41 տարեկանից բարձր տղամարդիկ) և Անի Ավագյանը (18-35 տարեկան կանայք), ստացան 1 մլն դրամի չափով դրամական պարգևներ։

Մրցաշարի անցկացման հեղինակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր խոսքում շեշտեց, որ այս մրցաշարը պետք է տեղի ունենա ամեն տարի պարտադիր կերպով։ Ըստ գաղափարի` «Վարչապետի գավաթ» մրցաշարը ունենալու է 4 մարզաձև` հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող։ Իսկ հեծանվային մրցույթի հետ կապված երկարաժամկետ նպատակը, ըստ վարչապետի, հեծանվավազքը Սևանա լճի շուրջ կազմակերպելն է։

«Այսօր Հայաստանի մասսայական սպորտի պատմության մեջ իսկապես աննախադեպ մրցում է կայացել։ Նախ և առաջ, աննախադեպ էր մրցանակային հիմնադրամը և դրանով էլ պայմանավորված էր այն չափազանց թեժ պայքարը, որ ծավալվեց ամբողջ մրցատարածքում։ Որպեսզի խոսքերիս իսկությանը չկասկածեք` ասեմ, որ հաղթողը տարածքն անցել է 65 րոպե 34 վայրկյանում, և դա պատիվ կբերեր անգամ պրոֆեսիոնալ հեծանվորդներին, եթե նրանք մասնակցեին այս մրցմանը»,- մրցանակների հանձնման արարողության ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը` մրցաշարի անցկացման գաղափարի համար շնորհակալություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Գիլոյանը գոհ է և շնորվակալ հատկապես այն փաստի կապակցությամբ, որ մրցավազքի ընթացքում որևէ դժբախտ պատահար կամ միջադեպ տեղի չի ունեցել։ Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 350 հոգի` կանայք և տղամարդիկ, որոնք պայքարում էին ընդհանուր 15 մլն դրամ մրցանակային հիմնադրամի համար։

«ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային սիրողական հեծանվավազքի 1-ին մրցաշարը, որի գաղափարի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, անցկացվում էր երկու տարիքային խմբով։ Առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, և երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ մրցանակներ ստացավ 80 մասնակից։ 1-ին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացան 1 մլն դրամ, 2-րդը՝ 600 հազար, 3-րդը՝ 400 հազար, 4-րդը՝ 150 հազար, 5-րդը՝ 100 հազար, 6-10-րդ տեղերը՝ 75 հազար, իսկ 11-20-րդ տեղերը՝ յուրաքանչյուրը 50 հազար դրամ։

Այսպիսով, «36-ից բարձր կանայք» տարիքային խմբում 3-րդ տեղը գրավեց Արփինե Նավասարդյանը, 2-րդը` Ռուզաննա Հովասափյանը և 1-ինը` Սաթենիկ Մնացականյանը։

«41-ից բարձր տղամարդիկ» տարիքային խմբում` 3-րդ տեղ` Մարկ Մարտիրոսյան, 2-րդ տեղ` Արտյոմ Գալստյան, 1-ին տեղ` Կարեն Բարսեղյան։

«18-35 տարեկան կանայք» տարիքային խմբում 3-րդ տեղը զբաղեցրեց Լիլիթ Հարությունյանը 2-րդը Նարե Ղարիբյանն էր, իսկ հաղթող ճանաչվեց Անի Ավագյանը։

«18-40 տարեկան տղամարդիկ» տարիքային խմբում 3-րդ տեղը գրավեց Անանիա Ոսկանյանը, 2-րդ տեղը` Սերգեյ Պողոսյանը, իսկ ամենաարագը այս կատեգորիայում Արա Սարգսյանն էր։

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետը և կառավարության անդամները, մարզպետներ, բարձրաստիճան զինվորականներ և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Կազմակերպման աշխատանքներին աջակցել են առողջապահության նախարարությունը և ոստիկանությունը։ Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել