Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 15:44 09-09-2021

Սեպտեմբերի 20-ից «Արմենիա» ավիաընկերությունը նոր չվերթներ կիրականացնի. Գևորգ Խաչատրյան

«Արմենիա» ավիաընկերությունը, սեպտեմբերի 20-ից սկսած, իրականացնելու է Մոսկվա-Երևան և Թբիլիսի-Երևան ամենօրյա չվերթներ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը:

Ասուլիսի ընթացքում ավիաընկերության փոխտնօրենը ներկայացրեց նաև 2020 թվականին ընկերության իրականացրած չվերթների մասին տվյալները։

«2020 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին իրականացրել ենք 536 էվակուացիոն չվերթներ։ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք օդային սահմանի փակ լինելու պատճառով մնացել էին արտերկրում, տեղափոխել ենք Հայաստան։ Ընդհանուր առմամբ տեղափոխել ենք 38 հազար ՀՀ քաղաքացի։ Չվերթների ուղղությունը հիմնականում եղել է Ռուսաստանի Դաշնություն, բայց էվակուացիոն չվերթներ ենք իրականացրել Ֆրանսիական Լիոն քաղաքից և Դուբայից»։

Նրա խոսքով՝ հայկական ավիաընկերությունները գրեթե 8 տարի գտնվում են Միացյալ Արաբական Էմիրությունների սև ցուցակում և իրավունք չունեն չվերթներ իրականացել այդ ուղղությամբ, սակայն էվակուացիոն չվերթների պարագայում, որը նաև դասվում է հումանիտար չվերթների շարքին, «Արմենիա» ավիաընկերությունը կարողացել է թույլտվություն ստանալ և Դուբայում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղափոխել Երևան։

Գևորգ Խաչատրյանի խոսքով՝ իրենց ներդրումն են ունեցել նաև Արցախյան երկրորդ պատերազմում։ 44 օրերի ընթացքում ավիաընկերությունը անվճար տեղափոխել է 172 տոննա հումանիտար օգնություն, որը հիմնականում եղել է Ռուսաստանից, Լիոնից, Մարսելից և Բեյրութից։

Խաչատրյանը ներկայացրեց նաև 2021 թվականին հայկական ավիաընկերության իրականացրած չվերթների տվյալները։

«2021 թվականի փետրվարից մինչև այսօր մեր ընկերությունը իրականացրել է 1610 չվերթ և տեղափոխել 155 հազար ուղևոր։ Մեր կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ այս թիվը կհասնի մոտ 300 հազարի»,- ասաց նա և հավելեց, որ ավիաընկերությունը Նոր տարվա օրերին իրականացնող չվերթների համար նոր ուղղություններ կունենա դեպի Եկատերինբուրգ, Սոչի, Ռոստով և Նավասիբիրսկ։

Գևորգ Խաչատրյանը նաև ասաց, որ «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն է տալիս Վրաստանի քաղաքացիներին Երևանից մեկնել Ռուսաստան, քանի որ Վրաստանի քաղաքացիներն ուղիղ չվերթով չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն։

«Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը երբեք աչքի չի ընկել այսքան տարանցիկ ուղևորափոխադրումներով։ Այսպիսի չվերթներով մենք Երևանը դարձնում ենք տարանցիկ կետ և այս կերպ լրացուցիչ եկամուտներ ենք ապահովելու ՀՀ պետական բյուջե»,- ավելացրեց նա:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք «Արմենիա» ավիաընկերության օդանավերը նախկինում անցնո՞ւմ էին Թուրքիայի օդային տարածքով, Գևորգ Խաչատրյանն ասաց․ «Մեր 6 տարվա գործունեության մեջ ավիաընկերության բոլոր օդանավերը միշտ անցել են Թուրքիայի օդային տարածքով։ Արգելվելուց հետո վերջին անգամ դիմել ենք մարտ-ապրիլ ամիսներին և ստացել մերժում։ Այս պահին մենք Թուրքիայի օդային տարածքով չենք անցնում, բայց այդ ուղղությամբ բանակցություններ ենք վարում, և կարծես թե դրական տեղաշարժ կա։ Այս պահին, օրինակ, Եգիպտոսի Հուրգադա չվերթը երկու ուղղության համար նախկինից 30-45 րոպե ավելի երկար է տևում հայկական օդանավերի համար Թուրքիայի օդային տարածքի փակ լինելու պատճառով։ Այս ամենը մեծացնում է ծախսը»,- ասաց նա։

Հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով ընդհանուր առմամբ որքա՞ն վնաս կրեց ավիաընկերությունը, Խաչատրյանն ասաց․ «Օդանավ պահելը շատ թանկ հաճույք է։ Ամսական մոտ 1 միլիոն դոլարի չափ հասույթից զրկվել ենք։ Վնասներ կրել ենք, իհարկե, բայց սա բիզնես գործընթաց է, և մենք գիտենք, թե ինչպես գտնել լուծումներ, որպեսզի վնասները մինիմալ լինեն»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները