Ներքին 4 տարի առաջ - 19:49 02-09-2021

Հայրենիքի անկախությունը հռչակողն իր ժողովուրդն է. Արամ Ա-ի ուղերձը՝ Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ: Ուղերձը ներկայացվում է դասական ուղղագրությամբ:

«Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ ու ազգային վառ ապրումներով կ՚ողջունենք Արցախի Հանրապետութեան վսեմաշուք Նախագահը, Ազգային Ժողովը եւ մեր ժողովուրդի սիրելի զաւակները:

Արդարեւ, հայրենիքի անկախութիւնը հռչակողը իր ժողովո՛ւրդն է: Հայրենիքի անկախութիւնը ամէն տեսակ տագնապներու ու մարտահրաւէրներու դէմ պաշտպանողը, դարձեալ իր ժողովուրդն է: Հայրենիքը հող է, պետականութիւն է, ինքնիշխանութիւն է եւ այս բոլորին խորք, իմաստ ու նպատակ տուողը ժողովո՛ւրդն է:

Հետեւաբար, այսօր կը նշենք 30 տարիներ առաջ Արցախի ժողովուրդին հռչակած անկախութեան տօնը: Ժողովուրդ մը կը հզօրանայ ու կը յաւերժանայ իր ազատ կամքի ու ինքնիշխանութեան ամբողջական հաստատումով: Հայրենիք մը կը ծաղկի ու կը հզօրանայ իր ժողովուրդի հաւաքական հաւատքով ու նուիրումով:

Կեանքի դժուար պայմաններու մէջ հռչակուեցաւ Արցախի Հանրապետութիւնը. դժուար պայմաններու մէջ ան ծաղկեցաւ. եւ այսօր դառն ու տագնապալից պայմաններու մէջ ան կը նշէ իր անկախութիւնը: Հողային ու մարդկային ահաւոր կորուստ ունեցաւ Արցախը վերջին պատերազմի ընթացքին: Սակայն, չէ՛ ընկճուած Արցախի հայութեան վճռակամութիւնը, չէ՛ տկարացած իր հաւատքը, չէ՛ նահանջած իր նուիրումը: Արդարեւ, երբ ժողովուրդ մը վճռած է պաշտպանել իր անկախութիւնը, ո՛չ մէկ ոյժ կրնայ ընկճել անոր ոգին ու տկարացնել կամքը:

Արցախի անկախութեան պաշտպանութիւնը առաջին հերթին՝ Արցախի ժողովուրդին սրբազան պարտքն է ու իրաւունքը. միաժամանակ, ան ողջ հայութեան պարտաւորութիւնն է ու յանձնառութիւնը: Արցախի Հանրապետութեան անկախութիւնը պէտք է աւելի ամրապնդուի Ա) իր ժողովուրդին համախումբ ներկայութեամբ, պայմաններու պարտադրանքով Արցախէն հեռացած ընտանիքներու վերադարձով, Արցախի տնտեսութեան բարգաւաճումով եւ արտաքին յարաբերութեանց կազմակերպումով. Բ) Հայաստանի Հանրապետութեան ամբողջական զօրակցութեամբ, յատկապէս տնտեսական ու քաղաքական բնագաւառներէն ներս. Գ) Սփիւռքի հայութեան զօրեղ նեցուկով, տնտեսական ներդրումով եւ քաղաքական յարաբերութիւններով:

Ա՛յս է մարտահրաւէրը մեր ժողովուրդին դիմաց:

Ընդառաջ այս մարտահրաւէրին, վերանորո՛գ հաւատքով, տեսլականով ու վճռակամութեամբ պէտք է նշենք Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեակը: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, իր թեմերով, կառոյցներով ու ժողովուրդով միշտ կը մնայ Արցախի կողքին՝ գործնապէս մասնակից, Արցախի Հանրապետութեան անկախութեան հզօրացման համազգային առաքելութեան»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»