Ուղիղ եթեր
Ջրաշեն համայնքը 17.2 մլն դրամի վնաս է կրել
copy image url

Ջրաշեն համայնքը 17.2 մլն դրամի վնաս է կրել

Ներքին 3 տարի առաջ - 11:42 30-08-2021

ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին։

Քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում՝ 2021թ․օգոստոսի 12-ին, համայնքի ղեկավար Վ․ Ու․-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով առաջադրվել է նոր մեղադրանք, այն բանի համար, որ նա, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքա­յին սեփա­կա­նութ­յուն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղոր­դակ­ցության օպերա­տո­րի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության մասին, համայն­քա­յին սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, խախտելով ՀՀ կառավա­րու­թ­յան 12.04.2001 թվականի 286 որոշման 231 կետի պահանջ­ները, հողմասն աճուրդով վաճառելու մասին որևէ հայտարարություն չտեղադրելով, սակայն կադաստրային գործին կցելով «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ իբրև թե համապատասխան հայտարարութ­յունն այնտեղ հրապարակվել է, կազմակերպել է հրապարակային սակարկություններ՝ խախտելով հրապարա­կա­յին սակարկու­թյուն­ների մասին օրենսդրության այն պահանջը, ըստ որի սակար­կություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի հետ փոխկապակցված անձինք։

Այդ կերպ համայնքի ղեկավարը անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր որդին, և 2006թ․ հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարել է նրան։ Նույն թվականի հոկտեմբերի 7-ին վերջինիս հետ կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն։ Դրանից հետո վերջինս ամսեկան 100.000 ՀՀ դրամ վարձա­վճարով նույն հողա­մասը վարձակալության է հանձնել բջջային օպերատոր ընկերությանը և մինչև 2021 թվականի հունի­սի 30-ն ընկած ժա­մա­նա­կահատվածի համար հիշյալ կազմակեր­պութ­յունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.259.996 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շա­հույթ, ինչի հետևանքով համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարա­վորութ­յունից։

Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ Վ․ Ու․-ն հետագայում որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու կամ հողամասի ոչ նպատակային օգտագործումը դա­դա­րեցնելու և հողային օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Նշված քրեական գործով համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել թվով 5 հողամասերի վրա կալանք դնելու մասին, համապատասխան գրություններ են հասցեագրվել վերոնշյալ հողամասի վրա ալեհավաքներ տեղակայելու համար վարձակալության պայմանագրեր կնքած կազմակերպություններին՝ մինչև քրեական գործի վերջնական ընթացքի լուծելը վարձակալության գումարների վճարումը կասեցնելու համար։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 2021թ․ օգոստոսի 18-ին դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և այն քրեական գործի հետ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
16:30 Նիկոլ Փաշինյանն իբր իրեն լվանո՞ւմ է, որ ատամներն էլ լվանա. հարցում