Ներքին 4 տարի առաջ - 16:15 30-07-2021

Ոչ թե Ռուսաստանն է մեր շահերը սակարկում, այլ Նիկոլ Փաշինյանը. Արմեն Աշոտյան

Դա պարզունակ հնարք է, որով իբր փորձում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ սեպ խրել, որը չի ստացվելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել Արցախում ռուս խաղաղապահների մանդատը, որ Ադրբեջանում գրեթե բոլոր դատապարտված հայ ռազմագերիները գերեվարվել են խաղաղապահների պատասխանատվության գոտիներում:

«Ալիեւը հայտարարեց, որ իր եւ Պուտինի հարաբերությունները փայլուն են: Ապուշություն է ծախսել դիվնագիտական տեղեկատվական ռեսուրս՝ չունենալով փաստական լուրջ փաստարկներ՝ փչացնելու համար Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները: Դու արդան փչացրել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, մյուսը քո մոտ չի ստացվելու:

Նա խոսում էր այն մասին, որ կոմունիկացիաների բացումը մեր կենսական շահն է: Կատարյալ սուտ, որովհետեւ կոմունիկացիաների ապաշրջափակումը գին ունի եւ այդ գինը մենք ցավոք սրտի դեռ շարունակելու ենք վճարել: Եթե կոմունիկացիաների ապաշրջափակումը լիներ առանց պատերազմի, առանց էս կորուստների, եթե Հայաստանը պարտված կողմ չլիներ, որին թելադրեն պայմաններ, կարելի էր խոսել կոմունիկացիաների ապաշրջափակման մասին: Բայց մենք պրոցեսի օբյեկտ ենք, մեզ բան են թելադրում: Մեր տարածքի, մեր շահերի հաշվին գնում է աշխարհաքաղաքական սակարկություն եւ մեզ այդ լուրջ խաղի մեջ ներկայացնում են որպես անբարոյական, ի դեմս Նիկոլի»,-ասաց նա:

Աշոտյանը անդրադարձավ նաեւ Փաշինյանի հայտարարությանը, թե ապաշրջափակումով Հայաստանին պետք է ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա, Ռուսաստան եւ Իրան. «Իրանի հետ մենք ճանապարհ ունենք, ունենք ընդհանուր սահման: Մեր ինչի՞ն է պետք դեպի Իրան ճանապարհ Ադրբեջանով: Մեր ինչի՞ն է պետք դեպի Ռուսաստան ճանապարհը այն գծով, որը մոտ 700 կմ է ենթադրում, որն ի տարբերությունը Նախիջեւանին կապող կոմունիկացիայի, ոչ ոք չի հսկելու: Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանից Նախիջեւան 40 կմ-անոց հսկելու են, որ անվտանգ լինի, իսկ Երեւանից Դերբենդ 700 կմ-ն ոչ ոք չի հսկելու: Այդ ո՞ր խելագարն է 700-800 կմ Ադրբեջանով գնալու Ռուսաստան կամ ապրանք է ուղարկելու: Միջին Ասիայի մասին էլ չասեմ, մենք չունենք ապրանքաշրջանառության այն ծավալը, որ կարիք ունենայինք լրացուցիչ կոմունիկացիայի դեպի Միջին Ասիա ու Ղազախստան:

Ասում է՝ Ադրբեջանը ճանապարհ կունենա դեպի Նախիջեւան, Իրան: Իրականում այդ կոմունիկացիան Ադրբեջանին պետք է բացառապես Նախիջեւանի համար: Նա ստեց, որովհետեւ չասաց հաջորդը՝ դեպի Թուրքիա: Զավեշտ է ասել, որ այդ կոմունիկացիան Ադրբեջանին թույլ կտա շփվել Վրաստանի հետ: Ադրբեջանը այնքան լոգիստիկ կառուցվածքային թելերով կապված է Վրաստանի հետ, որ զավեշտ է մտածել, որ Ադրբեջանը մեր ճանապարհով է գնալու Վրաստան»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Ադրբեջանը ՀԱՊԿ-ին վարկաբեկելու նպատակ ունի, ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Հայաստանում փորձում են սնել հակառուսական տրամադրություններ՝ մարդկանց չբացատրելով, որ երբ Հայաստանի ազգային շահը չի ներկայացնում ձեր կողմից ընտրված մարդը, Պուտինը դա անելու պարտավորություն չունի: Ոչ թե Ռուսաստանն է մեր շահերը սակարկում, այլ Նիկոլ Փաշինյանը: Ռուսաստանը ընդամենը միջնորդ է այդ բանակցությունների:

Քանի դեռ մեզ ամբողջությամբ չեն պատմել, թե Նիկոլն էլ ինչ է խոստացել Ալիեւին, մենք չենք կարող ամբողջ պատկերն ունենալ: Այսօր խոսել ՀԱՊԿ-ի մասին այդ տոնայնությամբ, առնվազն զավեշտալի է, որովհետեւ իրենք ՀԱՊԿ-ին դիմել էին խորհրդակցությունների կետով, ոչ թե միջամտության կետով: Ի՞նչ է նշանակում՝ մենք պատասխանատու ենք եւ չենք ուզում ներքաշել մեր գործընկերներին պատերազմական գործողությունների մեջ: Ուրեմն դու այդքան հեղինակություն չունես, որ եթե ադրբեջանցիներն ասում են՝ հայերն են կրակում, Հայաստանն ասում է՝ ադրբեջանցիներն են կրակում, ամբողջ աշխարհը գիտի, որ այս անգամ հայերը ճիշտ են, դու մի հատ էլ դեկորատիվ քայլ ես առաջարկում:

Նիկոլը խոսում է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների մասին: Ռուսաստանը, ԱՄՆ-ն կոչ են անում երկու կողմերին, էդ ո՞վ է Ադրբեջանին ճնշել: Դու քո տգետ հալով կարողացել ես գեթ մեկ միջազգային ճնշում ապահովե՞լ Ադրբեջանի վրա»:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հավանականությանը, Աշոտյանը նկատեց. ««Այս իշխանության օրոք դիվանագիտական ոչ մի գործիք չի աշխատելու: Հիմա որ դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից Նիկոլը չունի աջակցություն: Ֆրանսիան անում է հայահաճո հայտարարություններ, ԱՄՆ-ն երկու կողմին է կոչ անում, Ռուսաստանը երկու կողմին է կոչ անում: Չինաստանն ընդհանրապես չի խոսում: Էնտեղ Բրիտանիա՞ն է մեր շահերը պաշտպանելու: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական 10 անդամների մեջ ադրբեջանական լոբբիստները աշխատել են հազարապատիկ ավելի ուժեղ:

Իշխանության բանաձեւը շատ պարզ էր՝ տալ Ադրբեջանին այն, ինչ հնարավոր էր տալ, մնացած հատվածը մտցնել ռուսական պրոտեկցիայի տակ եւ վերարտադրվել քաղաքական առումով»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ