Խոսք 5 տարի առաջ - 19:16 19-07-2021

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի իր ձեռքը վերցնի բուհերի կառավարումը՝ բացառելով ցանկացած ըմբոստություն. Սերոբ Խաչատրյան

Օրագիր.news-ը բուհական համակարգի խնդիրների շուրջ զրուցել է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ վիճակ է ներկայումս բուհական համակարգում:

-Ընդհանուր առմամբ, բավականին անորոշ ու սպասողական վիճակ է բուհական համակարգում, հատկապես այն բուհերում, որտեղ դեռևս ռեկտոր չի նշանակվել: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԵՊՀ-ին և ՇՊՀ-ին: Բոլորը սպասում են, որ մոտ օրերս Սահմանադրական դատարանը պետք է քննարկի գիտության մասին օրենքի սահմանադրականությունը: Հիմնական հարցերը վերաբերում են բուհական կառավարման խորհուրդներին և ռեկտորներին ներկայացվող պահանջներին: Կառավարությունն առաջարկ է ներկայացրել, որ բուհական խորհրդում իրենք ունենան ձայների մեծամասնություն, նախատեսվում է թեթևացնել նաև ռեկտորին ներկայացվող պահանջները: Եթե շատ բուհերում ռեկտոր կարող էր ընտրվել գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հիմա նոր առաջարկում նշվում է, որ ռեկտոր կարող է դառնալ գիտությունների թեկնածուն՝ ընդամենը 5 տարվա ստաժով: Այսինքն, ստացվում է, որ 28 տարեկան մեկը կարող է դառնալ բուհի ռեկտոր: Սա այն դեպքում, երբ դպրոցի տնօրեն դառնալու համար պահանջվում է 7 տարվա ստաժ: Ստացվում է՝ դպրոցի տնօրեն դառնալու համար ավելի շատ ստաժ պետք է ունենաս, քան, օրինակ, համալսարանը ղեկավարելու համար:

-Ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանության «բարեփոխումները»:

-Իշխանության հիմնական նպատակը բուհերի կառավարումն իր ձեռք վերցնելն է՝ հսկողություն սահմանելով համալսարանների ներսում: Հիշեցնեմ, որ պատերազմից հետո բազմաթիվ բուհեր հանդես եկան կառավարության ու վարչապետի հրաժարականների պահանջներով, բնականաբար իշխանությունը ցանկանում է դա բացառել: Միանշանակ, բարեփոխումների տակ քաղաքական ենթատեքստ կա, քանի որ ամեն ինչ արվում է, որպեսզի իշխանությունը հեշտությամբ իր ձեռքը վերցնի բուհերի կառավարումը, որոշի՝ ով պետք է դառնա ռեկտոր: Հիմնական խնդիրներից է նաև այն, որ իշխանամերձ շրջանակներում բավարար թվով դոկտոր-պրոֆեսորներ կան, ուստի չափանիշն իջեցվում է, որպեսզի ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան դիմել այդ պաշտոնի համար:

-Հեռավար ուսուցումն ի՞նչ ազդեցություն ունեցավ բուհական համակարգի վրա:

-Պետք է նշել, որ հեռավար ուսուցման ազդեցությունն ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունեցավ կրթական ոլորտի վրա: Դրականն այն է, որ բազմաթիվ դասախոսներ ու ուսանողներ զարգացրեցին հեռավար աշխատելու իրենց հմտությունները, սակայն այնքան հմուտ չէին, որ լավ աշխատեին: Բացեր, բնականաբար, շատ կային: Հեռավար ուսուցումը չունեցավ այն ազդեցությունը, որն ուներ առկան, այսինքն որակապես շատ էր զիջում առկա ուսուցմանը: Հետագայում արդեն, կախված ՀՀ-ում տիրող կորոնավիրուսային հիվանդությամբ ստեղծված իրավիճակից, հուսանք ամեն ինչ իր տեղը կընկնի: Սակայն մի բան հստակ է. Եթե մի տարի էլ էսպես շարունակվի, ցածր որակ և շեշտակի անկում կունենք: Ինչ վերաբերում է այս տարվա ընդունելության քննության արդյունքներին, ապա պետք է ասել, որ նորմայի սահմաններում է: Արդյունքների վրա մեծ ազդեցություն են թողնում կրկնուսուցները, ուստի դժվար է ասել, թե այդ միավորների որ մասն է դպրոցինը, որը՝ կրկնուսուցներինը: Սակայն վստահաբար կարող եմ ասել, որ բարձր միավորները կրկնուսուցների հետ հավելյալ պարապմունքների արդյունքն է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու