Սահմանադրական դատարանում այսօր մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործով դատավարությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները վիճարկել էին ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում: Բարձրագույն ատյանը որոշել է միավորել 4 դիմումները և դրանք քննել հուլիսի 9-ի՝ այսօրվա նիստում:
Թեմայի շուրջ Օրագիր.news-ը զրուցել է «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ, որը նշել է, որ ՍԴ-ից ակնկալում է օբյեկտիվ քննություն:
«Ապացուցողական բեռը դրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա: Եթե ԿԸՀ-ն բողոքների հիմքում ընկած փաստարկներին հակառակ ապացույցներ չներկայացնի, ապա դիմողի փաստարկները ընդունվելու են որպես հիմք: Ինչ վերաբերում է քվեներ գողանալուն, ապա ասեմ, որ այդ մասով մենք փաստեր չունենք»,- նշեց Զոհրաբյանը և հավելեց, որ, չնայած կուսակցությունների դիմումները միացվել են և քննվում են նույն վարույթում, իրենց կուսակցությունը քննարկումներ չի ունեցել այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը, որոնք էլ խորհրդարանում խմբակցություններ կունենան:
Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել է որպես երրորդ անձ: