copy image url
Միտք 2 տարի առաջ - 22:25 08-07-2021

Փոխանակ հիշելու գյուղմթերքի տոնավաճառների մասին` հիշեցին փողոցային առևտրի արգելքի մասին

Փողոցային առևտուրը գեղեցիկ չէ և չի խրախուսվում զարգացած երկրներում: Բայց նույնիսկ Փարիզում այն կա: Ճիշտ է, ոչ այնպիսի ահռելի չափերի, ինչպես Երևանում է և, իհարկե, ոչ ամենակենտրոնական փողոցներում: Իսկ գյուղմթերքի փողոցային առևտուր ընդհանրապես չկա, քանի որ Ֆրանսիայի մայրաքաղաքի բոլոր շրջաններում և շատ թաղամասերում կան թաղապետարանների կողմից կազմակերպված գյուղմթերքի տոնավաճառներ, որոնց գտնվելու վայրերն ու աշխատանքային ժամերը հայտնի են փարիզցիներին: Այդտեղ վաճառվող միրգ-բանջարեղենը, նաև մսամթերքն ավելի բարձրակարգ, համեղ և թարմ են:

Հայաստանն այսօր դժվար է դասել զարգացած երկրների շարքին: Հայկական գունավոր առաջին հեղափոխության օգնությամբ իշխանություն գրավածներն իրենց գործունեությունը սկսեցին՝ վերացնելով խանութներում տեղի ունեցող վաճառքը և խրախուսելով համատարած փողոցային առևտուրը: Երբ դրա հետևանքով խանութների՝ որպես անշարժ գույքի գները համարյա հասան զրոյի, իրենք էլ փողոցային վաճառքի շնորհիվ հարստացան, նրանք գնեցին այդ խանութները և արգելեցին փողոցային առևտուրը, որ կարողանան գին թելադրել: Բայց ձևակերպեցին այդ արգելքը որպես անհարիր երևույթ զարգացած երկրի մայրաքաղաքի համար:

Իհարկե, կոշիկն ու հագուստը, տնտեսական ապրանքներն ու տեխնիկան, շինանյութերն ու այլ նմանօրինակ ապրանքները խանութներում գնելն ավելի ճիշտ է, հարմար ու հաճելի, քան փողոցում կամ պատշաճ չկահավորված տոնավաճառում գտնվող ծառի տակ փորձել հագնել հավանածդ վարտիքը: Բայց միրգ-բանջարեղենի պարագան ուրիշ է: Դրա կարիքն ամենօրյա է, մինչդեռ խանութներում գները բարձր են և կառավարելի՝ դրանց վերահսկող անձանց կողմից: Կան նաև գյուղմթերքի պրոֆեսիոնալ վերավաճառողներ, որոնց մենք գիտենք դեմքերով և անուններով, բայց նրանք իրենց գները նշանակում են՝ ըստ խանութների այդ օրվա գների: Վերջիններն օկուպացրել են մայրաքաղաքի նույնիսկ ամենակենտրոնական փողոցները և մայթերի առանց այն էլ նեղացրած մասերում խանգարում են հետիոտների շարժին:

Երևանցիներից շատերը դեռ չեն մոռացել քաղաքում գործող կոլտնտեսային շուկաները, որտեղ գյուղացիները, ներկայացնելով գյուղսովետների տեղեկանքներն առ այն, որ իրենք իրոք գյուղացիներ են, մատչելի գներով վաճառում էին իրենց թարմ ու որակյալ ապրանքը:

Առաջին գունավոր հեղաշրջումից հետո այդ շուկաները զավթեցին գողականների վարքուբարքով անձինք, որոնցից ոմանք ունեին զինված ջոկատներ: Նրանք հավաքագրեցին նոր իշխանությունների քաղաքականության պատճառով գործազուրկ դարձած և սովի մատնված ինժեներներին, որակյալ բանվորներին, գիտնականներին, ուսուցիչներին և այլ մասնագետների՝ ստեղծելով վերավաճառողների դասակարգ:

Շուկաների շենքերի նոր տերերը չէին խրախուսում գյուղացիների մուտքը: Նրանք գյուղմթերքը կոպեկներով գնում էին գյուղի բնակիչներից՝ նշանակելով մի քանի անգամ ավելի բարձր գին, հանձնում շուկայում նստած վերավաճառողներին: Վերջիններն ունեին իրենց ֆիքսած տեղերը, և մենք դեմքերով ու անուններով ճանաչում էինք նրանց: Գները նույնպես ֆիքսված էին՝ անկախ գյուղմթերքի որակից: Եվ եթե վաճառողն ինչ-ինչ պատճառով համաձայնվում էր ավելի էժան վաճառել, խնդրում էր շշուկով խոսել, որ, ինչպես ինքն էր բացատրում, հանկարծ չիմանան այդ մասին, իրեն չծեծեն և չվռնդեն:

Ինչ-որ մի պահի, կարծեմ Տարոն Մարգարյանի օրոք, քաղաքապետարանն ու թաղապետարանները որոշեցին ընդառաջել գյուղացիների և երևանցիների խնդրանքներին ու կազմակերպեցին գյուղմթերքի տոնավաճառներ: Սակայն այդտեղ էլ հիմնականում նստած էին պրոֆեսիոնալ վերավաճառողները: Գյուղացիներն այնքան են խեղճացել ու աղքատացել, որ նրանցից շատերի համար այսօր դժվար է իրենց ստեղծած բարիքները բերել և վաճառել մայրաքաղաքում:

Տարիներ շարունակ կլոր տարի փողոցային առևտուրը Երևանում կար և բարգավաճում էր, չնայած որ ժամանակ առ ժամանակ հայտարարվում էր պայքար դրա դեմ: Այդ պայքարը հիմնականում իրականացվում էր ոչ պրոֆեսիոնալ վերավաճառողների դեմ: Իսկ պրոֆեսիոնալները, որոնց մենք գիտենք դեմքերով և անուններով, նախապես զգուշացվում էին կամ էլ չէին տուժում:

Այդ պրոֆեսիոնալները, մեր կարծիքով, իշխանությունների համար կատարում են շպիոնների դեր: Նրանք տեղեկացված են տվյալ թաղամասի բնակիչների անձնական կյանքի, գործունեության ու հարաբերությունների մանրամասներին: Հետևում են նրանց անցուդարձին՝ ով եկավ և երբ, ում հետ: Օդանավակայանի ռենտգենային սարքերից ավելի լավ են կարողանում որոշել, թե ինչ կա ձեր պայուսակում: Այնպես որ փողոցային առևտրի դեմ ժամանակ առ ժամանակ տարվող պայքարը նրանց չի վերաբերում:

Վերջերս, երբ մարդիկ քչացրին իրենց ոչ պարենային ծախսերը, շատ այդպիսի խանութներ սկսեցին փակվել: Բայց առանց սննդի չի կարող ապրել նույնիսկ չքավորը: Եվ սնկի նման սկսեցին աճել գյուղմթերքներ վաճառող խանութները: Միաժամանակ, շատացավ դրանց և փողոցային պրոֆեսիոնալ վերավաճառողների մրցակիցների քանակը:

Վերջիններն իրենց սեփական ավտոմեքենաներով բերում են շատ ավելի թարմ ու որակյալ ապրանք ու ավելի մատչելի գներով են վաճառում: Դրա հետևանքը եղավ այն, որ միրգ-բանջարեղենի գները զգալիորեն նվազեցին: Դա, ըստ ամենայնի, դուր չեկավ խանութների տերերին և պրոֆեսիոնալ վերավաճառողներին, որոնք, ինչպես ասվեց, գները նշանակում են՝ հետևելով խանութների գներին: Նրանք նաև նախորդ օրերի չվաճառված և փչացող կամ նույնիսկ արդեն իսկ փչացած մթերքը խառնում են թարմի հետ, դժգոհում են, երբ գնորդն ինքն է ընտրում ապրանքը, փորձում են խաբել ձեզ ամեն ինչում:

Օրերս՝ միրգ-բանջարեղենի սեզոնի եռուն պահին, իշխանությունները փոխանակ հիշեին մայրաքաղաքի բոլոր թաղամասերում գյուղմթերքի տոնավաճառների կազմակերպման մասին, հիշեցին փողոցային առևտրի արգելքի մասին և սկսեցին բռնագրավել վերավաճառողների ապրանքը:

Արդյունքում, խանութներն ու պրոֆեսիոնալ վերավաճառողները, որոնք, բնականաբար, չտուժեցին, իսկույն բարձրացրին միրգ-բանջարեղենի գները, իսկ երևանցիները, զրկվելով այլընտրանքից, տուժեցին:

Ենթադրում ենք, որ տուժեցին նաև գյուղացիները, որոնց հիմա ավելի հեշտ կլինի թելադրել գներ՝ նրանց աճեցրած շուտ փչացող մթերքի համար:

Հետևանքը կլինի այն, որ գյուղացին մեկ անգամ ևս կհամոզվի, որ բերք աճեցնելը դարձել է անիմաստ և վնասաբեր զբաղմունք, կդադարեցնի այդ գործունեությունը, և շուկան կմնա թուրքական ու պարսկական գյուղմթերքի հույսին: Իսկ հայաստանցի գյուղացին, անիծելով իր բախտն ու իրեն որպես խորթ զավակի վերաբերվող հայրենիքին, կհեռանա մեկ այլ երկիր:

Գրիգոր Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա