Արտաքին 5 տարի առաջ - 21:43 15-06-2021

Էրդողանը՝ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների և ղարաբաղյան խնդրի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիս է տվել։ Խոսել է աշխարհում ՆԱՏՕ-ի դերի մասին՝ նշելով, որ համաշխարհային կայունությունը պահպանելու հարցում աճել է ՆԱՏՕ-ի թե՛ վճռականությունը և թե պարտավորությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Այս համատեքստում Էրդողանը նշել է․ «ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պետք է տեր կանգնեն հիմնադրման սկզբունքներին և դաշինքը պետք է ամրապնդեն։ Դաշինքը պետք է ակտիվ դեր ստանձնի ամեն տեղ, որտեղ ՆԱՏՕ-ի անվտանգության տանիքի կարիքը կզգացվի՝ սկսած Միջերկրականից մինչև Սև ծով, Եվրոպայից մինչև Ասիա։ Սա մի ժամանակահատված է, երբ պետք է ոչ թե խուսափել պատասխանատվությունից, այլ պետք է ձեռքը քարի տակ դնել»։

Այնուհետև նա անդրադարձել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին և Թուրքիայի ՆԱՏՕ-ում դերակատարմանը։

Ըստ Թուրքիայի նախագահի՝ հյուսիսատլանտյան դաշինքը նոր սպառնալիքերի դիմագրավմանն ադապտացվելուն զուգընթաց չպետք է հրաժարվի իր հիմնարար սկզբունքներից՝ մասնավորապես անվտանգության անբաժանելիությունից, համերաշխությունից և միասնականությունից։ Այս համատեքստում Էրդողանը հետևյալ շեշտադրումն է արել․

«Թուրքիան իր առաջնահերթությունները, զգայնությունները և արդարացի սպասումները՝ մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ներկայացրել է դաշնակիցներին, սակայն այս հարցում մի հանգամանք եմ ցանկանում ընդգծել․ ցավոք, դեռ շարունակվում է այն մոտեցումը, որով ահաբեկչության հարցում խմբավորումների միջև տարբերություն է դրվում, լավ և վատ ահաբեկիչ տարանջատում է արվում (նկատի ունի այն, որ ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդական կառույցներին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում)։ Ակնհայտ է, որ նման երկիմաստ մոտեցումը չի կարող արմատախիլ անել ահաբեկչությունը, ընդհակառակը՝ խրախուսելու է ահաբեկչական կազմակերպություններին»։

Էրդողանն ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի դերը՝ նշելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Թուրքիան ՆԱՏՕ անդամ միակ պետությունն է եղել, որ կարողացել է Սիրիայի հյուսիսն ամբողջությամբ մաքրել նրանցից։

Էրդողանը խոսել է նաև փախստականների հարցի վերաբերյալ՝ նշելով, որ այդ հարցում Թուրքիային աջակցելու մասին խոստումները հիմնականում չեն կատարվել։

Սիրիայում ունեցած դերին անդրադառնալուց հետո Էրդողանը խոսել է Լիբիայում ունեցած դերակատարման մասին, ինչպես նաև անդրադարձել արցախյան խնդիրին։

«Լեռնային Ղարաբաղում 30 տարվա ուշացումից հետո արդարությունը հաղթեց, և տարածաշրջանում կրկին հույսեր արթնացան։ Բացվել են դռները դեպի նոր ժամանակաշրջան, որտեղ թշնամությանը կարող է փոխարինել խաղաղությունը, լարվածությանը՝ անդորրը, անկայունությանը՝ մնայուն խաղաղությունը։ Այս տեսանկյունից, մեր երկրի սահմաններից դուրս իրականացվող գործողություններին, որոնք նպաստում են նաև մեր դաշնակիցների անվտանգությանը, դաշինքի ուժեղ աջակցությունն անհրաժեշտություն է ավելի, քան սոսկ նախընտրություն: Հույս ունենք, որ մեր բոլոր դաշնակիցներն արդեն մի կողմ կդնեն իրենց մակերեսային քաղաքական հաշվարկները և լիարժեք համերաշխություն կցուցաբերեն Թուրքիային»:

Ելույթից հետո Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին, այդ թվում նաև հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը։ Ի պատասխան Էրդողանը նշել է. «Փառք Աստծո, օրակարգ չի եկել»։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան
08:30 Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան․ «Հրապարակ»