Օրագիր.news-ը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակների և Հայաստանում ռուսամետ ընդդիմության թերությունների մասին բացառիկ հարցազրույց է ունեցել Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Սվարանցի հետ:
- Պարո՛ն Սվարանց, Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ունի Ալիևը, երբ ասում է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտն արդեն լուծված է:
- Ալիևը կարծում է, որ նրան հաջողվեց ռազմական եղանակով խնդիրը լուծել: Եթե նայենք այն շրջաններին, որոնք անվտանգության գոտի էին, այժմ դրանք փաստացի Ադրբեջանի տիրապետության ներքո են:
Բացի դրանից՝ այսօր հայկական քաղաքական վերնախավն ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում, մի կողմից խորը հիասթափություն է ապրում, մյուս կողմից էլ որևէ մեկը չի հստակեցնում իր մոտեցումը ստեղծված իրավիճակի շուրջ:
Մենք ասում ենք՝ թող հարցը լուծի Մինսկի խումբը, որը լուծման միակ հարթակն է: Իսկ ի՞նչ լուծում են դիտարկում հայկական երկու կողմերը:
Ալիևը, բնականաբար, օգտվելով ստեղծված արտաքին և ներքին նպաստավոր պայմաններից, համանախագահող երկրների չեզոքությունից, փորձում է Երևանին ոչ միայն սահմանագծում պարտադրել, այլև ստիպել ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս:
Ինձ թվում է, որ այն քաղաքականությունը, որը հիմա վարում է Ադրբեջանը, նպատակ ունի այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի այնտեղ չվերադառնա բնակչությունը և դրանով ձախողվեն այն բոլոր հնարավոր քաղաքական մոտեցումները, որոնք քննարկում են այդ տարածքներն Ադրբեջանի վերահսկողությունից դուրս բերելու տարբերակը:
Կարծում եմ, որ ապագայում, եթե Ադրբեջանի վարած քաղաքականությունը հաջողություն ունենա, ապա տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի «նախիջևանացում»:
Այս ամենի նախադեպը մենք արդեն ունենք Շահումյանի ու Շուշիի տեսքով, որտեղ արվում է հնարավոր ամեն բան հայկական մշակութային կոդը ջնջելու համար:
- Ի՞նչ վտանգներ են սպառնում Սյունիքին:
- Հարկ է արձանագրել, որ այս փուլում Ալիևին ու նրան աջակցող էլիտաներին չհաջողվեց ճնշումներ կիրառել և հարցն իրենց օգտին լուծել:
Բայց եթե հայկական կողմի նմանօրինակ գործունեությունը շարունակվի, և իշխանություններն օգնություն խնդրեն արտաքին ուժերից, իսկ բանակն իրենից անհասկանալի գոյացություն ներկայացի, ապա ամեն բան էլ կարող է տեղի ունենալ:
Կարծում եմ՝ Ադրբեջանցները ոչ միայն միջանցքը, այլև ամբողջական մարզն են ուզում՝ զրկելով հայկական կողմին ռևանշի հեռանկարից:
Այդ դեպքում Հայաստանն այլևս հնարավորություն չի ունենա օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին:
Սյունիքի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը, իհարկե, պատահական չէ: Սա լավ էր հասկանում նաև Գարեգին Նժդեհը, որ կարողացավ այն հայկական պահել՝ դրանով որոշ իմաստով օգնելով նաև Ռուսաստանին:
Բայց հայերն այս փաստն էլ չեն կարողանում շահավետորեն օգտագործել:
Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգություն է տեղի ունեցել, և կարծում եմ, որ Հայաստան այս պահին կանգնած է ինքնիշխանության կորստի առջև:
Տեսնում ենք, որ ծրագրավորվում է նոր ռազմաբազայի ստեղծում: Եվ ինչքան էլ դաշնակիցները վստահելի լինեն, միևնույն է սահմանների անվտանգությունը պետք է ապահովվի սեփական զինված ուժերով:
Դրսի ուժերի հետ Հայաստանը չպետք է շատ հույսեր կապի հետագա հիասթափություններից խուսափելու համար: Այն պետք է կողմնորոշվի՝ ըստ ազգային շահի:
- Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ստեղծված իրավիճակում հայկական ընդդիմությունը լուծումներ և տեսլական չի առաջարկում:
- Հայկական քաղաքական վերնախավն այս պահին երկու մասի է բաժանված՝ «նիկոլականներ» և «հականիկոլականներ»: Բայց սա ընդամենը անձի խնդիր է, որն այսօր կա, վաղը կարող է և չլինել: Խնդիրը պետք է այլ հարթության մեջ դիտարկել:
Եթե քննարկենք Հայաստանում ստեղծված նախընտրական իրավիճակը, ապա կտեսնենք, որ երկրում արթնացել են ուժեր, որոնք ներկայացնում են քաղաքական կյանքի մեկ այլ կողմը:
Ինչպես ասում են զարգացած արևմտյան երկրներում, արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է:
Ցավոք սրտի, ստացվում է, որ թույլ երկրներում ներքին քաղաքականությունը կախման մեջ է հայտնվում արտաքին քաղաքականությունից:
Այսօր մենք ռուսամետ ուժերի կողքին տեսնում ենք նաև այլընտրանքային ուժեր («Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք», Շանթ Հարությունյանի կուսակցությունը), որոնք գտնում են, որ Հայաստանը Ռուսաստանից և Թուրքիայից զատ՝ այլ ընտրություն ևս ունի՝ արևմուտքը, առաջնորդվելով այն սկզբունքով, որ չկան հուսահատ իրավիճակներ, կան հուսահատված մարդիկ:
Ես նույնպես մտածում եմ, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի մեղավորները նախկին իշխանությունների ամենաթողությունն ու ներկա իշխանությունների անարդյունավետությունն են, այդ թվում նաև ոչ բավականաչափ ամուր հարաբերությունների հաստատումն Արևմուտքի հետ:
Նաև թերություն էր Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ոչ ճիշտ գնահատումը, որտեղ Հայաստանը որոշակի դեր է կատարում Թուրքիայի ամբիցիոզ ծրագրերի իրականացման զսպման հարցում՝ պանթուրքիզմի մոդեռնիզացման շրջանակում:
Թուրքիայի տածած հետաքրքրությունը հետսովետական երկրների հանդեպ կիսում են մի շարք արևմտյան գերտերություններ, այդ թվում նաև Մեծ Բրիտանիան:
Ռուսամետ ընդդիմադիր ուժերն ունեն մեկ նպատակ՝ վերադարձնել իշխանությունը:
Այսինքն՝ նրանք ցանկանում են հետ վերադարձնել երկրի կառավարումը, բայց չեն առաջարկում երկիրն այս վիճակից դուրս բերելու ծրագիր, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման տեսլական: Չէ՞ որ ռուսամետ քաղաքական ուղղվածությունը պետք է ինչ-որ բանով մոտիվացվի ու ոչ միայն անցյալով, այլև ներկայով:
Բացի դրանից՝ այդ կուսակցությունները ոչինչ չեն առաջարկում նաև երկրի ներքին զարգացման սոցիալ-տնտեսական ուղղություններում: Իսկ քանի դեռ դա չկա, ուրեմն ամեն ինչ մնալու է առաջվա պես :
- Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ լուծման ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում:
- Մեր կանխատեսումները կարող են որոշներին դուր գալ, իսկ որոշներին՝ ոչ, բայց եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ես ոչ մի լավ բան չեմ տեսնում:
Իսկ եթե խոսենք այն մասին, թե հարցն ինչպես կարելի էր լուծել, ես արդեն իսկ իմ հոդվածում 3 տարբերակ առաջարկել եմ:
Առաջին տարբերակում Ղարաբաղը, երկու կողմերի համաձայնությամբ, ընդգրկվում է Ռուսաստանի կազմում:
Ռուսաստանն այս պահին գլխավոր խաղաղապահ ուժն է տարածաշրջանում, որի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում չեն կրակում:
Բացի դրանից՝ Միջազգային իրավունքի տեսանկյունից չկա մի այնպիսի փաստաթուղթ, որ Ղարաբաղի տարածքի հետ կապ ունենա: Սովետական ժամանակաշրջանն էլ ոչ մի լավ բանի չհանգեցրեց, մենք կոնֆլիկտն այնտեղ էլ տեսնում ենք, և հիմա էլ մեզ չհաջողվեց լուծել հարցը:
Ես Լեռնային Ղարաբաղի խնդրով զբաղվել եմ դեռևս ուսանողական տարիներին, և այդ հարցը Սովետական Միությունում պարբերաբար բարձրացվել է՝ բացառությամբ Երկրորդ աշխարհամարտի տարիներին:
Այդ ժամանակ հայերը՝ որպես կոմպրոմիսային տարբերակ, չէին բացառում Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը Ռուսաստանի կազմում:
Ես այս տարբերակն առաջարկում եմ, որպեսզի հասկանամ Ռուսաստանի արձագանքը:
Այժմ գործընկերային հարաբերութուններ են հաստատվել նաև Ադրբեջանի հետ, և եթե նրանք գործընկերներ են, ապա Ադրբեջանը ինչո՞ ւ պետք է այս որոշմանը դեմ լինի:
Իսկ եթե Ռուսաստանը հրաժարվի այս տարբերակից, հայերին մնում է երկրորդ տարբերակը՝ միջազգային մանդատի հաստատում Լեռնային Ղարաբաղի տարածքում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ ՝մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին կամ միջազգային ճանաչում ունեցող այլ կազմակերպություններին փոխանցման իրավունքով:
Իսկ եթե այս տարբերակն էլ չաշխատի, ապա հայերին ոչինչ չի մնում, քան Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքի մաս ճանաչելը`միաժամանակ դիմելով ՄԱԿ-ին և Միջազգային դատարանին:
Հայաստանը պետք է հռչակի Չորրորդ Հանրապետության որպես Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդ՝ ՀՀ Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելով:
Այս դեպքում Ազգերի լիգայի որոշումներին համապատասխան պետք վերականգնվի Հայաստանի իրավունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:
Բայց այս տարբերակի մասին առանց հզոր և ռևանշին պատրաստ բանակի անիմաստ է խոսել: