Ներքին 5 տարի առաջ - 15:01 08-06-2021

Արձանագրվելու են Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները. ստեղծվել է ակադեմիական անկախ հարթակ

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը և արվեստաբան Աննա Լեյլոյան-Եկմալյանը նախաձեռնել ու իրականացնում են «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» («Monument Watch») ծրագիրը, որի նպատակն է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որն արձանագրելու է Արցախի մշակութային ժառանգության վիճակն ու փոփոխությունները, ներկայացնելու և մեկնաբանելու է դրանք մասնագիտական գիտելիքի ու ակադեմիական բարեկրթության սահմաններում:

Մեզ հետ զրույցում Համլետ Պետրոսյանը, որը ծրագրի գիտական ղեկավարն է, փաստեց, որ ծրագրի հիմնական նպատակներն են 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի հանրապետության` Ադրբեջանին անցած տարածքների և արցախա-ադրբեջանական սահմանային գոտու անշարժ մշակութային ժառանգության, թանգարանների, մշակութային օջախների քարտեզագրումը և գույքագրումը (վիճակը մինչև պատերազմը), ընթացիկ վիճակին հետևելը և փոփոխությունների վավերացումը, ինչպես նաև միջազգային գիտական ու մշակութապահպան հանրությանը ներկայացնելը:

Համլետ Պետրոսյանի խոսքով, նպատակներին հասնելու համար աշխատում է գիտական խումբ, որի մեջ ներգրավված են հնագետներ, ճարտարապետներ, մշակութաբաններ, հայագետներ, մեդիա և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, թարգմանիչներ:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը պատմեց, որ աշխատանքները սկսվել են 2020 թվականի վերջում. «Այժմ այլևս հնարավորություն չունենք ֆիզիկապես հետևելու հուշարձանների վիճակին, այդ իսկ պատճառով մշտադիտարկում ենք իրականացնելու տարբեր հարթակներում, հետևելու ենք, թե ադրբեջանցիներն ինչ հրապարակումներ են անում: Ամեն օր փաստացի վավերագրելու ենք, թե ինչ վիճակում են մեր հուշարձանները»:

«Ցավոք մեր հուշարձանները կա՛մ քանդվելու են, կա՛մ վերափոխվելու են: Հայկական հուշարձանների ոչնչացումն Ադրբեջանի պետական քաղաքականության մասն է: Նրանք նաև փորձում են յուրացնել այդ ժառանգությունը»,- վստահեցրեց Համլետ Պետրոսյանը:

Նա հայտնեց, որ աշխատանքները տեսանելի դարձնելու համար ստեղծվել և գործարկվել է monumentwatch.org կայքը, որն անկախ համալսարանական հարթակ է:

«Մենք ցուցակագրել են այն հուշարձանները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Արցախի տարածքում 4000-ից ավելի հուշարձան կա, իսկ 1700-ից ավելի հուշարձան այսօր ուղղակիորեն վտանգված է: Կայքում ներկայացրել ենք մի քանի հուշարձանների անձնագրային տվյալները, հուշարձանի դիրքը, ֆիզիկական բոլոր տվյալները, նկարագրությունը, պատմությունը և այլն, նշել են գիտական բոլոր աղբյուրները, որտեղ այս կամ այն հուշարձանի մասին առաջին անգամ հիշատակվել է»,- ասաց ծրագրի գիտական ղեկավարը:

Նա նշեց, որ գիտական խումբն աշխատանքային հատուկ մեթոդ է մշակել. կայքում զետեղված բոլոր հոդվածները պետք է միանման լինեն, պատասխանեն նույն հարցերին, որպեսզի դա լինի շատ ակադեմիական հստակ գիտական աշխատանք:

Նախաձեռնության համահեղինակը տեղեկացրեց, որ ի սկզբանե նախատեսել են՝ monumentwatch.org-ը պետք է լինի երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, սակայն կայքը մի քանի օր է, որ շահագործվում է, և դեռ կան հոդվածներ, որոնց հայերեն տարբերակներն են միայն դեռ հասանելի, սակայն մասնագետ թարգմանիչներն աշխատում են և ամեն օր լրացնում են բացերը: «Հույս ունեմ, որ կայքը կդառնա ակադեմիական լուրջ հարթակ, որի միջոցով հետագայում նաև այլ կարևոր ծրագրեր կիրագործվեն»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան