Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ՝ մայիսի 31-ի նիստում Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու համար գրանցեց 22 կուսակցություն և 4 դաշինք:
Հանձնաժողովն առանց քվեարկության ու քննարկման գրանցեց մայիսի 26-ին առաջադրված «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական», «Մեր տունը Հայաստանն է», «5165» ազգային պահպանողական, «Վերելք», «Ազատական», Հայ ազգային կոնգրես, «Ինքնիշխան Հայաստան», «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցությունների նախընտրական ցուցակները:
Նշենք, որ ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` եթե տվյալ քաղաքական ուժի ներկայացրած նախընտրական ցուցակի վերաբերյալ ԿԸՀ անդամներից ոչ ոք առարկություն չունի, ապա որոշումն ընդունվում է առանց քննարկման ու քվեարկության:
Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերի ցուցակներն, ապա ԿԸՀ-ն առանձին թեկնածուների դեպքում անճշտություններ էր հայտնաբերել՝ կապված պարտադիր փաստաթղթերի ներկայացման հետ:
Հիմնականում թեկնածուները ԿԸՀ չէին ներկայացրել հայերենի տիրապետումը հավաստող տեղեկանքները, մի քանիսի դեպքում էլ՝ վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի լինելու ու ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին փաստաթղթերը:
Արդյունքում ԿԸՀ-ն քննարկման ու քվեարկության արդյունքում «Արդար Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակից հանեց Դավիթ Գրիգորյանին , «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակից՝ Արսեն Փալանդուզյանին, «Հայոց հայրենիք»-ի ցուցակից՝ Արա Արսենյանին, «Ազգային օրակարգ»-ի ցուցակից՝ Արմեն Մարտիրոսյանին, «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ցուցակից՝ Հայկարամ Մնացականյանին, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակից՝ Հրանտ Կարապետյանին:
«Ազատ հայրենիք» դաշինքի ցուցակից հանվեցին Նաիրա Հովհաննիսյանն ու Ալիսա Դիլանյանը, «Միասնական հայրենիք»-ի ցուցակից՝ Արմեն Հակոբյանն ու Դավիթ Պետրոսյանը, իսկ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակից՝ Վահե Բաբայանը, Լիլիթ Մկրտչյանը, Տիգրան Մանուկյանն ու Արարատ Դավթյանը, «Ազատություն» կուսակցության ցուցակից՝ Հրաչյա Բագրատյանը, Գայանե Մովսիսյանը, Արթուր Ջիլավյանը, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության ցուցակից հանվեցին Սերգեյ Մինասյանը, Լուսինե Թագակչյանը, Ժենյա Պողոսյանը, Ստեփան Միքայելյանը, Դավիթ Չախալյանը, Կարեն Բալայանը, Գևորգ Ավետիսյանն ու Արշակ Վարդանյանը:
«Շիրինյան, Բաբաջանյան» դաշինքի նախընտրական ցուցակից էլ փաստաթղթերի բացակայության հիմքով հանել են Ռոբերտ Ղևոնդյանին:
Հիշեցնենք, որ թերի ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար ԿԸՀ-ն քաղաքական ուժերին 24 ժամ է տրամադրել: Եվ միայն փաստաթղթերը չլրացնելու դեպքում է հանձնաժողովը որոշել մերժել տվյալ թեկնածուի գրանցումը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված Աշոտ Մելքոնյանն էլ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու փոխարեն դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ իր թեկնածությունը ցուցակից հանելու մասին, ինչն էլ հաստատվել է:
Առաջարկվող բոլոր փոփոխությունները հաստատելուց ու նշված թեկնածուներին ցուցակներից հանելուց հետո, ԿԸՀ-ն միաձայն հաստատեց նաև այս քաղաքական ուժերի գրանցումը:
«Հայաստան» դաշինքի (Ռոբերտ Քոչարյան, «Հայ հեղափոխական դաշնակցություն» ու «Վերածնվող Հայաստան» կուսակցություններ) ցուցակը գլխավորում են Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Աննա Գրիգորյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, երկրորդ համարը Երևանի նախկին քաղաքապետ, Տարոն Մարգարյանն է, երրորդը` Աննա Մկրտչյանը:
«Հայրենիքի» և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության միասնական դաշինքի ցուցակում տեղ են գտել նաև Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ՀՀԿ-ից Արման Սահակյանը, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և այլք:
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակը կգլխավորի Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը: Ըստ այդմ՝ երկրորդը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է ընտրական ցուցակը, որը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է, ապա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
ՀԱԿ կուսակցության ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականներում են համապատասխանաբար Լևոն Զուրաբյանը և Ինեսսա Գաբայանը։
ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, երկրորդ համարը Միքայել Մելքումյանն է, երրորդը` Իվետա Տոնոյանը:
ԿԸՀ նիստում պարզ վիճակահանությամբ որոշվեց նաև, թե որ քաղաքական ուժն ինչ համարի տակ կմասնակցի ընտրություններին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ այդ համարները փոփոխման ենթակա չեն անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերից քանիսը ընթացքում կորոշի դադարեցնել իր մասնակցությունն ընտրական գործընթացին ու ինքնաբացարկ կհայտարարի:
Այսպիսով, գրանցված կուսակցությունները հանդես կգան հետևյալ համարների ներքո. «Արդար Հայաստան»- 1, ՀԱԿ- 2, ՔՊ- 3, «Զարթոնք» կուսակցություն- 4, «Ազատություն» կուսակցություն- 5, «Պատիվ ունեմ»- 6, «Միասնական հայրենիք»- 7,
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն- 8, ԼՀԿ- 9, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն- 10, «Հանրապետություն»- 11, «Հայոց հայրենիք»- 12, «Ազատ հայրենիք»- 13, ԲՀԿ- 14, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն-15, «5165» շարժում- 16, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 17, «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք- 18, «Ազգային օրակարգ»- 19, «Վերելք» կուսակցություն- 20,
«Ազատական» կուսակցություն- 21, «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցություն- 22, «Հայաստանի եվրոպական» կուսակցություն- 23, «Հայաստան» դաշինք- 24, «Ազգային ժողովրդավարական բևեռ»- 25, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն- 26:
ԱԺ արտահերթ ընտրությունը կկայանա հունիսի 20-ին։ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.581.093 է: Ըստ գտնվելու վայրի և հաշվառում չունեցող ընտրողների՝ քվեարկությանը մասնակցելու համար ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին դիմում ներկայացնելու գործընթացը սկսվել է մայիսի 31-ից՝ ընտրություններից 20 օր։