Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:22 31-05-2021

Ընտրությունները Հայաստանում. ինչպե՞ս են տապալում կառավարությունը. հայացք Շվեյցարիայից

Շվեյցարական Neue Zürcher Zeitung- ի և Infosperber-ի թղթակից, վերլուծաբան Ամալյա վան Գենտը, ում մասնագիտական հետաքրքրությունների դաշտում են Թուրքիան և Կովկասի երկրները, այս անգամ ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի երրորդ հանրապետության նախընտրական պայքարին:

Օրագիր.news-ը հոդվածը ներկայացնում է ամբողջապես:

Հայաստանի երեք նախկին նախագահները ցանկանում են գործող վարչապետին պաշտոնանկ անել, միայն թե նրանք չեն կարողանում միմյանց հետ համաձայնության գալ:

Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են հետխորհրդային Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները:

Թեկնածուների քաղաքական կողմնորոշումն ու խառնվածքը բոլորովին տարբեր են, բայց նրանք բոլորը ձգտում են մեկ նպատակի`կանխել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը:

Հանրապետության գոյատևմամբ մտահոգված

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալելու «հրատապ անհրաժեշտության» մասին առաջինը խոսեց առաջին նախագահը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնի չէ որպես կտրուկ ձևակերպումներով քաղաքական գործիչ:

Լինելով լեզվաբան՝ նա ամբողջ կյանքում շատ զգուշությամբ է օգտվել լեզվից:

Միայն 1988 թ.-ին՝ ղարաբաղյան հակամարտության բռնկումից հետո, ամաչկոտ գիտնականը իր լեզվական հետազոտությունների մեկուսացումից երկրի քաղաքական կյանք վերադարձավ:

Լևոն Տեր-Պետրոսյանի շրջապատում գտնվող մի խումբ հայ մտավորականներ, որոնք 1980-ականների վերջին Գորբաչովի «պերեստրոյկայի» ջերմ կողմնակիցներն էին, հիասթափվելով նույն «պերեստրոյկայից», Հայաստանը խաղաղությամբ տանում էին դեպի անկախություն ՝ նույնիսկ մինչ Խորհրդային Միության պաշտոնական փլուզումը:

1991-ի սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը նշանակվում է անկախ, հետխորհրդային հանրապետության պետության առաջին ղեկավար:

Այժմ 76-ամյա քաղաքական գործիչը լրջորեն մտահոգված է «իր» հանրապետության գոյատևմամբ: Անխոս՝ ոչ առանց պատճառի:

2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմը Հայաստանին արժեցավ մարդկային կորուստներ և խաթարեց նրա պաշտպանությունը:

Մինչ հասարակությունը դեռ կաթվածահար վիճակում է, կառավարությունը, կարծես թե, ի վիճակի չէ լուծելու երկրի ամենահրատապ խնդիրները, ինչպիսիք են շուրջ 11000 պատերազմական հաշմանդամների բժշկական օգնության ապահովումը կամ փախստականների ծանր վիճակը:

Նոր զանգվածային արտագաղթի ուրվականը ավելի նկատելի կդառնա, երբ Ռուսաստանը և մյուս երկրները կովիդյան փուլից հետո վերաբացեն սահմանները:

1991-ին ղարաբաղյան առաջին պատերազմից հետո արդեն 1 միլիոն մարդ , հատկապես գիտնականներ ու երիտասարդներ լքել են երկիրը:

Երկրի բնակչությունը կրճատվել է 3.5-ից 2.5 միլիոն: Միգրացիայի նման ալիքը կարող է այս անգամ բառացիորեն ճակատագրական լինել հանրապետության համար:

Հավանաբար, հենց այս մտահոգությունները ստիպեցին Լևոն Տեր-Պետրոսյանին դուրս գալ ստվերից և կապ հաստատել իր իրավահաջորդի ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Բնիկ ղարաբաղցի հայը, որը 1990-ականների կեսերին Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, նենգամիտ քաղաքական գործչի համբավ ուներ:

Երբ 1998-ին Տեր-Պետրոսյանը ազդարարեց ղարաբաղյան հարցում փոխզիջման գնալու իր պատրաստակամությունը, Քոչարյանը ոչ մի վայրկյան չհապաղեց քաղաքական հեղաշրջմամբ տապալելու պետության ղեկավարին:

Նրանով Երևանում սկզբնավորվեց այսպես կոչված «Ղարաբաղից եկած ուժեղ պարոնների» իշխանությունը, որը տևեց ուղիղ քսան տարի Սերժ Սարգսյանի հետ, որը նույնպես ծնվել էր Ղարաբաղում:

Նրանց վարած արտաքին քաղաքականությունը բնութագրվում էր Ռուսաստանի հետ սերտ ռազմավարական համագործակցությամբ ՝ թե ՛տնտեսապես, և թե՛ օլիգարխիայի հավասարապես սերտ փոխկապակցվածությամբ:

Ղարաբաղյան հարցում ղարաբաղցիները մերժեցին ցանկացած փոխզիջում, որն ի սկզբանե չէր նախատեսում իրենց փոքր պետության անկախությունը:

Չնայած հին օրերի բոլոր դառնություններին, Լևոն Տեր-Պետրոսյանն այժմ առաջարկել էր Քոչարյանին և Սարգյանին ընտրական դաշինք կազմել: Միայն նման դաշինքը կարող էր երաշխավորել Նիկոլ Փաշինյանի պարտությունը:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ գործող վարչապետի նոր հաղթանակն ընտրություններում «կշարունակի ներքին անկայունությունը և կարագացնի արտագաղթի տեմպերը»:

Երեք նախկին նախագահներն էլ մեղադրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ նա «2018 թվականից» հանդես է եկել «Ռուսաստանից ավելի անկախ դառնալու» կոչով:

Նախագահները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Հայաստանի ծանր պարտությունը այդ կոչի գինն էր:

Եվ չնայած այս ամենին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկն հաջողություն չունեցավ:

Քոչարյանը խստորեն մերժեց համատեղ ընտրական դաշինքի ստեղծումը:

Նա, ըստ երևույթին, դեռ հույս ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ բարեկամությունը շուտով կօգնի հասնել ընտրական հաղթանակի, նույնիսկ եթե ոչ հենց հունիսի 20-ին:

Դիտորդները ենթադրում են, որ այս անգամ նախընտրական պայքարն իրականում տեղի է ունենալու Քոչարյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

Հեղափոխություն և աղետ

Օրենքի գերակայությամբ , ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և Ռուսաստանից ավելի քիչ կախվածության մասին Փաշինյանի խոստումները 2018-ին հուսադրեցին շատ հայերի և առաջացրին շրջադարձային քաղաքական ցնցումներ, որոնք պատմության մեջ կմտնեն որպես այսպես կոչված «թավշյա հեղափոխություն»:

Փաշինյանն արդեն գիտի, որ իր ժողովրդի համար ինքն արդեն ոչ թե հեղափոխության հերոս է, այլ ազգային պարտության դեմք:

Պատերազմի բռնկումից 45 օր անց նա ստիպված էր զինադադար կնքել Մոսկվայում, որը հավասարազոր էր նվաստացուցիչ հանձնվելուն:

Նիկոլ Փաշինյանը նաև գիտի, որ իր մրցակիցներից ոչ մեկը չունի արժանահավատ ծրագիր, թե ինչպես պետք է լուծվեն երկրի սարսափեցնող խնդիրները, նաև Ռուսաստանից էլ ավելի սերտ կախվածության խնդիրը, ինչն այս ընթացքում նա էր պահանջել:

Եվ վերջապես՝ նա լավ գիտի, որ հասարակության մի ստվար զանգված ատում է հին կոռումպացված կառավարիչների և օլիգարխների ժամանակաշրջանը:

Հավանաբար՝ դա է պատճառը, որ ըստ վերջին հարցումների՝ Նիկոլ Փաշինյանը դեռ առաջատար է:

Նորության մասին

Հայաստանն այս ընտրություններին նորություն ունի. չորս հայ գործարարներ սփյուռքից ՝ Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիայից), Արթուր Ալավերդյանը (Հայաստանից), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ-ից) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստանից) վերջերս կյանքի են կոչել «Future Armenian Initiative» նախաձեռնությունը և կոչ արել ժողովրդին վերնայել շատ մոտեցումներ: «Եկեղեցիների փոխարեն ՝ կայազորային պետություն», -այսպես է հնչում նախաձեռնության կարգախոսը:

Նախաձեռնությունը նպատակ ունի վերակազմավորելու հայկական զինված ուժերը և դրանք ժամանակակից զենքերով զինելու ամբողջ աշխարհից:

Նախաձեռնության հեղինակները պնդում են, որ Հայաստանի ունեցած ռուսական զենքը ոչինչ չէր կարող անել ղարաբաղյան վերջին պատերազմում ժամանակակից անօդաչու թռչող սարքերի դեմ:

Նախաձեռնության երկրորդ պահանջը վերաբերում է կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը: Միայն այդպես կարելի է հայերին հայրենիք վերադարձնել և փրկել երկրի գոյությունը:

Իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա նախաձեռնությունը ցանկանում է ընդլայնել տարածաշրջանային և մյուս տերությունների հետ ռազմավարական գործընկերությունը և թուլացնել կախվածությունը Ռուսաստանից: