ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ մայիսի 15-16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով:
ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կազմակերօած աշխատաժողովի ընթացքում Ռուստամ Բադասյանն ընդգծել է դատական իշխանության դերակատարումը արդարադատության ոլորտի բարեփոխումներում՝ կարևորելով դատական իշխանության ներկայացուցիչների ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը բարեփոխումների փուլում լավ արդյունքներ գրանցելու հարցում:
Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակներում վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և առաջիկա ծրագրերը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը և Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը ներկայացրել են քրեական և քրեադատավարական օրենսդրության ոլորտում, իսկ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը՝ հակակոռուպցիոն ոլորտում կատարված բարեփոխումները:
Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանն իր հերթին խոսել է դատավորների նոր ավելացվող հաստիքների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման հնարավորությունների և ծրագրերի մասին: Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը և դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամները ներկայացրել են դատավորների գործունեության գնահատման նոր կառուցակարգի գործնական խնդիրները: Քննարկում է ծավալվել նաև Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման արդյունավետության և հիմնական իրավակարգավորումների վերաբերյալ: Բացի այդ, ներկայացվել է էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը:
Ներկայացված հարցերի առնչությամբ տեղի են ունեցել ակտիվ քննարկումներ, մտքերի փոխանակություններ՝ մի շարք թեմաների կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագա առավել մանրամասն քննարկումների իրականացման: