Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 3 տարի առաջ - 17:18 16-05-2021

Պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Այսօր տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարը։

Համագումար նիստին ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն իր ելույթը կառուցել էր ինքնահարցազրույցի ձևով․

«- Ո՞րն է Արցախյան վերջին պատերազմում մեր կրած պարտության պատճառը։

- Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին՝ վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով։ Պարտության հիմքը դրվել է 1998 թ․՝ այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա։ Իսկ պարտության ավարտը ազդարարվել է Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ, ինչը և եղավ Հայաստանի վերջը, Ղարաբաղի վերջը։ 23 տարի շարունակ մեր իշխանությունների կողմից հաշվի չեն առնվել իրատեսական քաղաքականության երեք կարևորագույն գործոնները, որոնք են՝ ուժերի հարաբերակցությունը, դաշնակիցների առկայության կամ բացակայության հանգամանքը և երրորդ՝ ամենագլխավորը՝ ժամանակի անշրջելությունը։ Այսինքն՝ այն պարզ ճշմարտությունը, որ եթե մի բան հնարավոր է այսօր, պարտադիր չէ, որ հնարավոր լինի վաղը։ Շատ պարզ բաներ են, որ մեր իշխանությունները չեն հասկացել․ սա քաղաքականության այբուբենն է։ Պատկերավոր ասած՝ այդ իշխանությունները արդեն 23 տարի շարունակ դրսևորել են խաղամոլի վարքագիծ․ այսինքն՝ ավելին շահելու ձգտումով և ցնորքներով՝ նոր խաղադրույքներ են կատարել՝ այդ պատճառով կորցնելով նաև արդեն իրենց շահածը։ Չեմ ցանկանում ավելի մանրամասնել, որովհետև մտադիր եմ օրերս հանդես գալ կոնկրետ այս հարցին նվիրված ծավալուն հոդվածով։

- Եթե այս ամենը գիտակցում էի 98 թ․ և զգուշացնում էի, ապա ինչո՞ւ չդիմեցի ժողովրդին և հրաժարվեցի նախագահի պաշտոնից։

- Նախ և առաջ ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերազմ թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով։ Ինչո՞ւ։ Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում իշխանության ներսում ձևավորված խմբավորմանը (անուններ չեմ տալիս) հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը և ինձ, փաստորեն, զրկել քաղաքական ուժերի աջակցությունից։ Առնետավազք է տեղի ունեցել։ Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել․ անշուշտ, իշխանության ներսում՝ այսինքն, Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից։ Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ և այդ հեղաշրջումը զսպելու պատրաստակամություն։ Աջակցության առաջարկ եմ ստացել նաև Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը․ տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում։ Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար։ Չեմ չափազանցնում․ Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի։

- Ի՞նչ էր նշանակում առաջիկա ընտրություններին Հայաստանի Հանրապետության երեք նախագահների ազգային միասնության դաշինքով մասնակցելու առաջարկը մի պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ ես ունեցել եմ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկամական հարաբերություններ։

- Նկատած կլինեք, որ սա վերջին շրջանում Հայաստանում ամենաշատ քննարկված հարցն է։ Հրապարակ են նետվել հազար ու մի անհեթեթ մեկնաբանություններ, դավադրապաշտական տեսություններ և բարոյական տեսակետից արտահայտված տարակուսանքներ։ Սակայն, ըստ էության, միայն քչերին է հաջողվել ըմբռնել այդ առաջարկի քաղաքական բովանդակությունը և դա նույնիսկ այն պարագայում, երբ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ուղղված իմ առաջարկի հրապարակված տեքստում ես տվել եմ անգամ այդ հանելուկի բանալին։ Այն է՝ մի կողմից խափանել Նիկոլ Փաշինայնի վերարտադրությունը, մյուս կողմից բացառել Ռոբերտ Քոչարյանի վերահաստատումը պետության ղեկին, ինչը երաշխավորվում էր երեք նախագահների կողմից պետական որևէ պաշտոն չզբաղեցնելու իմ առաջարկած պայմանով։ Լուծվում էին երկու հարցերը։

- Այդ դեպքում ո՞վ էր զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։

- Իմ կարծիքով՝ անհարժեշտ էր ձևավորել հիմնականում տեխնոկրատներից կազմված ճգնաժամային կառավարություն՝ լուրջ փորձառությամբ և կառավարչական հմտություններով օժտված վարչապետի գլխավորությամբ։

-Ինչու՞ այնուամենայնիվ Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ առանց քննարկման, կտրականապես մերժեց իմ առաջարկը։

- Քոչարյանի կողմից իմ առաջարկի մերժումը նշանակում է, որ նա առաջնորդվում է, ոչ թե պետական շահի գիտակցությամբ, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանից վրեժ լուծելու մոլուցքով։ Ուրիշ մոտիվացիա նա չունի։ Սերժ Սարգսյանի պարագան այլ է․ նա իշխանության վերադառնալու նպատակ չի հետապնդում և մասնակցելով ընտրություններին՝ պարզապես ուզում է իր պարտքը կատարել սեփական կուսակցության նկատմամբ և հանրապետականների թեկուզ մի փոքրիկ խմբի ներկայացված տեսնել Ազգային ժողովում։ Սա թեև մարդկային տեսակետից գնահատելի քայլ է, այնուամենայնիվ նույնպես որևէ կապ չունի պետական շահի գիտակցության հետ։

- Իսկ ինչպե՞ս բացատրել հանրության անկեղծորեն, իսկ քաղաքական շրջանակների կողմից չարամտորեն արտահայտված այն տարակուսանքը, որ ես դաշինքի առաջարկով դիմել եմ Քոչարյանին և Սարգսյանին, որոնց հետ ունեցել եմ ոչ միայն տարաձայնություններ և հակասություններ, այլև կոշտ հակամարտություն։

- Ազգային համաձայնության դաշինքները կամ կառավարությունները, որպես կանոն, աշխարհի բազմաթիվ երկրներում ձևավորվում են հենց այն ուժերի միջև, որոնք լրջագույն հակասություններ են ունեցել իրար հետ և նույնիսկ միմյանց հետ մարտնչել քաղաքացիական պատերազմներում․ կոտորել են իրար, հետո նստել, ազգային համաձայնության կառավարություն են ստեղծել իրար հետ։ Եթե այս հանգամանքը չլիներ, ազգային համաձայնության կառավարությունների կամ դաշինքների ձևավորման կարիք երբեք չէր լինի։ Նման կարիք առաջանում է միայն այն պայմաններում, երբ հակամարտող ուժերը հասկանում են, որ երկիրը հայտնվել է կործանման եզրին և հանուն պետականության՝ նրանք նույնիսկ դիմում են արտակարգ քայլերի։ Ազգային համաձայնության կառավարությունների առաջին գործը շատ դեպքերում լինում է ընդհանուր համաներման հայտարարումը բոլորի նկատմամբ, ինչի իմաստն այն է, որ գիծ է քաշվում անցյալի և ներկայի միջև՝ դրանով ազդարարելով պետության կայունացման և զարգացման նոր հանգրվանի սկիզբը։ Սա է ելքը։ Գուցե զարմանալի թվա, եթե ասեմ, որ ազգային համաձայնության կառավարումը նորություն չէ Հայաստանի համար, որ այդ ավանդույթը կիրառվել է նաև Հայաստանում․ չեք նկատել։ Իրականում այդպիսին՝ դասական ազգային համաձայնության կառավարություններ էին Հայաստանի Հանրապետության՝ Վազգեն Մանուկյանի, Գագիկ Հարությունյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորած կառավարությունները, որոնց անդամների մեծագույն մասը նախկին պետական պաշտոնյաներ էին։ Խորհրդային կոմունիստական իշխանությունների և Ղարաբաղյան և Հայոց համազգային շարժման հակամարտություններն ու հակասությունները շատ ավելի դաժան էին, քան երեք նախագահների միջև։ Եղել էին և մասսայական բանտարկություններ, Երևանի կենտրոնում կազմակերպված արյունալի սադրանքներ շարժման նկատմամբ։ Եվ այս հանգամանքում մենք գնացինք այսպիսի կառավարությունների ձևավորմանը։ Ի տարբերություն ետխորհրդային մի շարք այլ երկրների, որոնցում կոմունիստական նախկին իշխանությունների նկատմամբ վենդետա կիրառվեց, Հայաստանում դա տեղի չունեցավ, ինչը և ապահովեց Հայաստանում լուրջ քաղաքական և տնտեսական բարեփոխումների իրականացման, երկրի կայունացման և Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակի հիմքը։ Եթե մենք կոմունիստների նկատմամբ այդպիսի վերաբերմունք չցուցաբերեինք, Ղարաբաղյան առաջին հաղթանակ գոյություն չէր ունենա։ Դա պատիվ է բերում ինչպես մեզ, այնպես նաև կոմունիստներին։

- Ի՞նչ խնդիրների լուծման ակնկալիքներ ունեմ առաջիկա ընտրություններից։

- Նախ և առաջ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը, ինչը, ի դեպ, 100 տոկոսով լուծելի էր երեք նախագահների դաշինքի կայացման պարագայում։ Դա լուծված հարց էր, եթե այդ դաշինքը կայանար։ Նիկոլը երբեք չէր վերադառնա իշխանության։ Երկրորդ՝ բացառել Քոբերտ Քոչարյանի հաղթանակը, ինչը և լուծվում էր նույն պարագայում։ Ի դեպ՝ վերջինիս կողմից իմ առաջարկի մերժումից հետո ես նրան անկեղծորեն ասել եմ նույն այդ հանդիպման ժամանակ, որի մասին դուք գիտեք, որ ես ստիպված եմ լինելու պայքարել նույնքան կատաղի ոչ միայն Փաշինյանի, այլև իր դեմ։ Նույնիսկ կատակել եմ, որ ես կդաշնակցեմ Սերժ Սարգսյանի հետ և կպայքարեմ քո դեմ։ Հետո նաև Սերժին առաջարկել եմ միասնական դաշինքով գնալ։

Պարտության պատճառով մենք արժանացանք շատ երկրների կարեկցանքին ու խղճահարությանը, իսկ Փաշինյանի կամ Քոչարյանի հաղթանակի դեպքում՝ արժանանալու ենք ողջ աշխարհի ծաղրուծանակին։ Աշխարհը չի հասկանալու, թե ինչպես է հայ ժողովուրդը ղեկավար ընտրում այն ուժերից մեկին կամ մյուսին, որը կործանման է հասցրել երկիրը։

- Իսկ ինչո՞վ է վտանգավոր թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի հաղթանակը։

- Վտանգավոր է նրանով, որ երկուսից որևէ մեկի հաղթանակի պարագայում էլ ներքաղաքական հակամարտությունը ոչ միայն չի դադարելու, այլև ավելի է սաստկանալու և իշխանությունը հնարավորություն չի ունենալու զբաղվելու առաջին հերթին անվտանգության հետ կապված, ինչպես նաև երկրի առաջ կանգնած քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ լուծում պահանջող բազմաթիվ այլ խնդիրներով։ Որևէ մեկի հաղթանակի դեպքում էլ Հայաստանի այդ ցնցումները շարունակվելու են։ Նույնքան վտանգավոր է և երրորդ տարբերակը, այն է՝ մի քանի կուսակցություններից կազմված թույլ, կոալիցիոն կառավարության ձևավորումը, որոնք սովորություն ունեն կես տարին մեկ փոփոխվելու, նորանոր կառավարություններ ստեղծելու։ Լիտվիայում խորհրդարանական հանրապետություն է, այս ընթացքում 11 կառավություն է փոխվել։ Կես տարին մեկ, մեկ տարին մեկ դա է տեղի ունենալու, որը երկրի ապակայունության ամենացցուն ցուցանիշն է։ Այս ամենը նշանակում է, որ մեզ այսօր արդեն վախեցնող ապակայությունն ընտրություններից հետո ավելի է խորանալու և մենք հայտնվելու ենք շատ ավելի վտանգավոր և տևական ցնցումների մեջ, որոնք հանգեցնելու են արտագաղթի սոսկալի ծավալների առաջացմանը։ Հայաստանը մարդաթափ է լինելու ուղղակի․ սա չէին հասկանում 30 տարի, այդ պրոցեսը միշտ է եղել, սա էր նաև մեր պարտության պատճառներից մեկը։ Այս մտավախությունը խիստ այժմեական է դարձնում կառավարման խորհրդարանական համակարգից կրկին կիսանախագահական համակարգին վերադառնալու գաղափարը․ դա արդեն շրջանառվում է, որը մշտապես եղել է «Հայ ազգայի կոնգրեսի» սկզբունքային դիրքորոշումը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, ինչը նաև հաստատվում մեր երկրի սեփական փորձով, որ կառավարման խորհրդարանական համակարգը արդյունավետ և կենսունակ է միայն 2-3 խոշոր կուսակցություններ ունեցող կայացած ժողովրդավարություններում։ Մինչդեռ մեր նման երկրներում այն, որպես կանոն, դառնում մշտական ցնցումների և կառավարական ճգնաժամերի պատճառ։ Նշված նկատառումներով հանդերձ՝ կառավարման կիսանախագահական համակարգին վերադառնալու հարցում շտապողականությունը խիստ վտանգավոր, հետևաբար անթույլատրելի է։ Հիմա կան խոսակցություններ արագ անցնել դրան․ դա պիտի լինի հանդարտ, ոչ թե ցնցվող հասարակության պայմաններում։ Դրան պետք է անդրադառնալ, իմ կարծիքով, 1-2 տարի անց՝ երկրի կայունության ապահովումից և ժողովրդի հոգեկան հավասարակշռության վերականգնումից հետո։ Հիմա եթե վերադառնանք, դա կարող է շատ ավելի խորացնել ներքին ապակայունությունը։

- «Հայ ազգային կոնգրեսը» մասնակցելո՞ւ է արդյոք առաջիկա ընտրություններին, թե ոչ։

- Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու խնդրին, ապա համագումարից խնդրում եմ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը։ Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին։

Դժվար է լիելու, բայց մի ճշմարտություն կա․ Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»։