Ներքին 5 տարի առաջ - 14:24 24-02-2021

«ԱՌՀԱՍԱՐԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՆԵՐԿՐՎՈՒՄ ԵՎ ՁևԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ, ՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»: ՊԵԿ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ պատերազմի առաջին օրերից Հայաստան ուղարկված ապրանքների մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել, խնդիր է եղել, օրինակ, կապված նրա հետ, որ ապրանք ներկրողը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել: Է․ Հովհաննիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով լուրերին, թե պատերազմի ընթացքում Ֆրանսիայից եկած հումանիտար օգնությունն իր նպատակին չի հասել, քանի որ մաքսազերծման հետ կապված խնդիրներ են առաջացել՝ Հովհաննիսյանն ասաց. «Խնդիրները մաքսային ձևակերպումների հետ չեն կապված: Պատերազմի առաջին օրերից Հայաստան ուղարկված ապրանքների մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրներ չեն եղել, դրանք խնդիրներ են, որոնք կապված չեն մաքսային ձևակերպումների հետ: Մասնավորապես հիշատակված դեպքի առնչությամբ ասեմ, որ ապրանքը ներմուծվել է հասարակական կազմակերպության անունից: Ըստ ՀՀ օրենսդրության և մաքսային ընթացակարգերը կարգավորող ԵԱՏՄ օրենսդրության՝ ապրանքի մաքսազերծման նպատակով հայտարարատուն, այսինքն՝ ապրանք ներկրողն է պարտավոր որոշակի փաստաթղթեր ներկայացնել, որպեսզի ձևակերպումների գործընթացը սկսվի: Իսկ տվյալ դեպքում հայտարարատուն այդպիսի փաստաթղթեր չէր ներկայացրել»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ավելի վաղ արած հայտարարությանը, թե պատերազմի օրերին կառավարությունը զրահաբաճկոններ է գնել բարձր գնով՝ 600 դոլարով, Հովհաննիսյանն ասաց. «Առհասարակ զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպումներ են ստանում համապատասխան ընթացակարգով, որը ենթադրում է գաղտնիություն»: ՊԵԿ նախագահն այս հարցին հանրային մակարդակով չի կարող անդրադառնալ:

Անդրադառնալով ներմուծման գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ներմուծման գործընթացում իրենք կոռուպցիոն ռիսկեր չեն տեսել: «Քննություն կամ որևէ գործընթաց սկսելու հիմքեր չենք արձանագրել»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Անդրադառնալով տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հնարավորությանը՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ ապաշրջափակման վերաբերյալ մոտեցումները, նմանատիպ հարցերը քննարկման ընթացքում են, դեռևս չկա վերջնական պատկեր: ՊԵԿ-ն իր մասով նույնպես մասնակից է այդ քննարկումներին:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի