ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «ընկեր» է անվանել, քանի որ, իր կարծիքով, բարեկամական հարաբերությունները պետք է օգնեն մոտեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
«Դուք պետք է հասկանաք՝ մենք ցանկանում ենք գործարք կնքել։ Մենք ցանկանում ենք դադարեցնել սպանությունները։ Ես կարող էի ասել, որ նա (Պուտինը) իմ ընկերը չէ, կամ նման մի բան, գալ և ասել. «Դու ինձ դուր չես գալիս», և այդ դեպքում մենք կունենայինք նույն խնդիրը, ինչ (Ուկրաինայի նախագահ) Զելենսկու և Պուտինի միջև է։ Կարգավորման գլխավոր խոչընդոտն այն է, որ երկու ղեկավարները պարզապես ատում են միմյանց, հենց դա է խնդիրը», – ասել է նա լրագրողներին։
Թրամփի խոսքով՝ իրեն հաջողվել է ընդհանուր լեզու գտնել Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ իրենք «վաղուց են ճանաչում միմյանց»։ ԱՄՆ նախագահը կրկնել է իր պնդումը, որ Պուտինը ցանկանում է համաձայնության հասնել։
Թրամփը Պուտինին ընկեր է անվանել Չինաստանում վերջերս կայացած գագաթնաժողովի հանդիպման ժամանակ։ Նույն բառը նա օգտագործել է նաև Պուտինի մասին սոցիալական ցանցերում հրապարակումներում։
BBC-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «տարօրինակ» է անվանել այն, որ Թրամփը Պուտինին «ընկեր» է անվանում։