Ներքին 10 ժամ առաջ - 12:00 18-11-2026

Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Նիկոլ Փաշինյանի բանանային ճանապարհորդությունից և ձեռնունայն վերադարձից հետո հասունացել է ՀՀ արտաքին քաղաքականության հստակեցման հարցը։ Դրան նպաստել է նաև նախկին ԱԽՔ Արմեն Գրիգորյանի պնդումը ԵՄ-ին միանալու պատրանքի, ռուսական ճնշումների մեծացման և հնարավոր այլ աղետների մասին։

Ի՞նչ է սպասվում Հայաստանին՝ ընկրկելո՞ւ ենք ռուսական ճնշումների տակ, թե՞ ԵՄ-ին միանալու ուղղությամբ ենք քայլելու։

Ասում են, թե նախկին ԱԽՔ-ի հոդվածը պատահական չէր։ ՔՊ-ն իրոք հրաժարվում է ԵՄ-ին միանալու գաղափարից։ Այսինքն՝ Հայաստանը ԵՄ անդամ դառնալու ուղղությամբ ռեալ քայլեր չի անելու։ Ավելին՝ առաջիկայում Փաշինյանը մի քանի անգամ գնալու է Ռուսաստան և հանդիպելու Պուտինի հետ։ Հավանաբար՝ Պուտինը կասի, թե ինչ արտաքին քաղաքականություն պետք է վարի Նիկոլ Փաշինյանը, որը 2018-ին ֆորպոստի վարչապետ են կարգել։

Այս առումով հնարավոր է երկու սցենար։

Առաջին սցենարը հիմնվում է Արմեն Գրիգորյանի վերլուծության վրա։ Ենթադրվում է, որ առաջիկայում Փաշինյանը հավատարմության ցույցեր կկազմակերպի, որ ապացուցի իր անմնացորդ սերը Պուտինի հանդեպ, նվիրումը Կրեմլի շահերին։

Այս առումով ենթադրելի է, որ բանտերից կազատվեն ռուսամետ ընդդիմադիրները։ Փաշինյանն իր հետ գործակցող արևմտամետներին կուղարկի կալանքի, հանրային գործիչներին կզրկի դրամական հատկացումներից։ Այսպիսի զոհաբերություններով Պուտինի սիրտը կշահի, և կդադարեն ռուսական ճնշումները, կբացվեն ռուսական շուկաները։

Այսպիսի պատժամիջոցները, սակայն, կանխատեսելի հետևանքներ կունենան։ Բռնաճնշումների արդյունքում դաշտում գործող բոլոր արևմտամետները կմիավորվեն Փաշինյանի դեմ, հանդես կգան միասնական նախաձեռնություններով։ Եվ չի բացառվում, որ նրանց հաջողվի գունավոր հեղափոխություն անել ու տապալել 2018-ին ռուսների կողմից ֆորպոստի վարչապետ կարգվածի իշխանությունը, իրականացնել անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ։

Երկրորդ վարկածով ենթադրելի է, որ առաջիկա այցերի ժամանակ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումներից հետո կհայտարարի ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս հանելու, երկաթուղու կոնցեսիան վաճառելու որոշման մասին։ Կրեմլի այս քայլը հիմնավորվում է աշխարհաքաղաքական մեծ պայմանավորվածություններով, որոնցով Մոսկվան հեռանում է մեր տարածաշրջանից՝ դիրքերը զիջելով Արևմուտքին։ Սա հնարավոր է, եթե ուկրաինա-ռուսական պատերազմն ավարտվի ՌԴ կապիտուլյացիայով։ Ռուսների հեռացումը Հայաստանից այդ կապիտուլյացիայի կետերից մեկը կլինի։ Պուտինի նման հայտարարությունից հետո ՀՀ-ն ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի։

Այս պարագայում դերերը կփոխվեն, և Փաշինյանը հանդես կգա երաշխավորի դերում՝ խոստանալով, որ կապահովի ռուսների անվնաս հեռացումը Հայաստանից, կապահովի, որ ռուսական շահերը հանիրավի չեն ոտնահարվի, նրանց հետևից ժողովուրդը չի հայհոյի, նրանց ներդրումները, հիմնարկները, ունեցվածքն ամբողջությամբ չեն ազգայնացվի, հնարավորություն կտրվի դրանք վաճառելու, որոշ ակտիվներ դուրս բերելու։ Ռուսական գործակալները հաշվեհարդարի չեն ենթարկվի, նրանք ամբողջությամբ չեն ունեզրկվի։

Առաջին սցենարի պարագայում Արմեն Գրիգորյանը կդառնա ռուսամետ ընդդիմության առաջնորդը, նախկին առաջնորդները կուղարկվեն թոշակի, քանի որ մաշվել են, չեն արդարացրել Կրեմլի ակնկալիքները և չեն համապատասխանում նոր մարտահրավերներին։ Երկրորդ սցենարի պարագայում արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն ի հայտ կգա, որոնց արդյունքում ռուսամետ ուժերը դուրս կմղվեն և կհայտնվեն լուսանցքում, իսկ ՔՊ-ն փոքրաթիվ խմբակցությամբ ընդդիմություն կդառնա։

Կարճ ասած՝ Փաշինյանի՝ Ռուսաստան այցերից հետո պարզ կլինի, թե ինչ է սպասվում Հայաստանին։ Եթե Ռուսաստանն իսկապես հեռանում է տարածաշրջանից, ապա Մոսկվան ցուցում կտա ռուսամետ ուժերի առաջնորդներին՝ նախքան հեռանալը մի քանի քվե տալ Փաշինյանին Սահմանադրության անցկացման համար։ Իսկ եթե Փաշինյանն ընկրկելու է ռուսական ճնշումների առաջ, ապա ՔՊ-ն կշարունակի ներդաշնակ գործել ռուսամետների հետ, քաղաքական ասպարեզից դուրս թողնելով անկախության և ժողովրդավարության իրական ջատագովներին։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
22:58 Փոշի և երթևեկության խաթարում. ինչպես է ընթանում Խանջյան փողոցի վերանորոգումը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել