Հանրային հեռուստաընկերության եթերում լրագրող Բորիս Մուրազիի և ՔՊ-ական քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի տեսագրության հրապարակումը շարունակում է մնալ հանրային և մասնագիտական քննարկումների կենտրոնում։ Իրավիճակի հոգեբանական և հասարակական ազդեցությունների վերաբերյալ
Oragir.News-ի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ նշելով, որ տեղի ունեցածը նախապես հրահրված սադրանքի և խմբագրական միտումնավոր քաղաքականության հետևանք է։
Ըստ հոգեբանի՝ բանավեճի ընթացքում կոնֆլիկտը հասունացել է մասնակիցներից մեկի կողմից հնչեցված անձնական վիրավորանքների պատճառով, ինչը նպատակ ուներ հունից հանել ընդդիմադիր բանախոսին։
«Տեսեք, ի սկզբանե հաղորդումը սկսելուց հետո այն երիտասարդը պրովոկացիա էր անում կոնֆլիկտի։ Կարծես թե հենց դրա համար էլ այդտեղ էր՝ առանձնահատուկ ուղեղով և ինտելեկտով չփայլող մի երիտասարդ, ով սկսեց անձնային բաներ խոսել։ Այդ կոնֆլիկտը շատ ավելի շուտ կարող էր տեղի ունենալ, եթե ընդդիմադիր կողմը մի փոքր ավելի բռնկուն լիներ։ Մի քանի անգամ դա անելուց հետո կոնֆլիկտը տեղի ունեցավ, իսկ այն ձայնագրված էր, և Հանրայինով ցուցադրումը ակնհայտ ատելություն սերմանելու իմաստ ուներ»,- նշեց Միհրդատ Մադաթյանը։
Հոգեբանը միջադեպը դիտարկեց նաև կրթական ու բարոյական արժեքների համատեքստում՝շեշտելով, որ ձայնագրված հաղորդումը օրեր անց եթեր հեռարձակելու որոշումը ուղիղ կապ ունի հեռուստաընկերության և գործող իշխանությունների վարած մշակութային քաղաքականության հետ։
«Այստեղ, որպես արբիտր, եթե վերցնում ենք Հանրայինի ներկայացուցիչ Պետրոս Ղազարյանին՝ որպես Կրթության և մշակույթի նախարարի ամուսին, ապա տեսնում ենք, որ սա մտածված քայլ էր կամ այսօրվա իշխանությունների մշակույթն է, որն իրենք լուսաբանեցին Հ1-ով։ Իրենք խրախուսում են ագրեսիան։ Հանրային հեռուստաընկերությունը ագրեսիվության այդ ֆոնը հայտարարեց որպես վեճեր լուծելու ձև ու տրենդային օրակարգ»,– ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ հաղորդավարը չի կարողացել վերահսկել իրավիճակը տաղավարում։
Անդրադառնալով այն տեսակետին, թե նման կադրերի հրապարակմամբ փորձ է արվում հասարակության շրջանում վախի մթնոլորտ ձևավորել, Մադաթյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմադիր հանրության շրջանում տեսանյութը հակառակ ընկալումն է ունեցել։
«Ընդդիմադիրների կողմից նայելով այդ տեսանյութը՝ վախ չեմ տեսել․ ընդդիմադիր գործընկերը երկու լավ ապտակ հասցրեց լկտիացած այն անձնավորությանը, ով ինտելեկտի բացակայությամբ փորձում էր սադրել իրավիճակը»,– եզրափակեց հոգեբանը։
Նշենք, որ միջադեպի վերաբերյալ հակառակ կողմի՝ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և իշխանական շրջանակների ներկայացուցիչների դիրքորոշմամբ՝ բանավեճի ընթացքում ֆիզիկական ուժի և վիրավորանքների առաջինը դիմել է Բորիս Մուրազին՝ չկարողանալով կառավարել սեփական հույզերը, իսկ կադրերի հրապարակումը հնարավորություն է տվել հանրությանը տեսնել իրականությունը առանց խմբագրական միջամտության։