Ուղիղ եթեր
Ներքին 42 րոպե առաջ - 16:00 16-11-2026

Ծեծկռտուքը խրախուսվում է. կարդալը թողեք՝ բոքս պարապեք

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Կիրակի երեկոյան Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդմամբ ծեծկռտուք էր ցուցադրվում քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև։

Հյուրերը միմյանց վիրավորական բառեր ուղղեցին, հետո քաշքշեցին, հարվածեցին միմյանց։ Վարողները ներս հրավիրեցին անվտանգության աշխատակիցների։ Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ու լրագրող Բորիս Մուրազին շարունակեցին միմյանց վիրավորական բառեր ուղղել։ Եվ Պետրոս Ղազարյանը ստիպված փակեց հաղորդումը։

Ինչո՞ւ այսքան ընկավ քաղաքական բանավեճի մակարդակը։

Հաղորդումն ուղիղ եթերով չէր։ Նկարահանվել էր 1 կամ 2 օր առաջ։ Հ1-ը կարող էր ծեծկռտուքի հատվածը կրճատել և հեռուստադիտողին էլ ծանուցել, որ հաղորդումը կրճատված է, քանի որ բանավեճի որոշ մասնակիցներ անպարկեշտ, ոչ եթերային վարք են դրսևորել։ Սակայն Հ1-ը ցուցադրեց ծեծկռտուքը, հայհոյանքի փոխարեն՝ դնելով «տո՜ւ»։

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ական իշխանությունը նորմալ է համարում Հ1-ով ատելություն, հայհոյանք ու ծեծկռտուք ներկայացնելը։ Նրան, հավանաբար, ձեռնտու չէ քաղաքակիրթ բանավեճը, փաստարկված զրույցը, քանի որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կուրսը հակաժողովրդավարական է։ Ընդդիմախոսների քննադատություններին դիմադրելը լրացուցիչ պատրաստվածություն է պահանջում։ Իսկ եթե բանավեճի նշաձողն իջնի փողոցային ծեծկռտուքի, քաշքշոցի մակարդակի, ապա ՔՊ-ի հաղթելու շանսերը կմեծանան։

Այսպիսով՝ քաղաքական բանավեճում ծեծկռտուքը դառնում է բնական, օրինաչափ։ Մի քանի օր առաջ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորի սադրանքից հետո ծեծկռտուք սկսվեց։ ՔՊ-ի և ՈՒՀ-ի պատգամավորները միմյանց վիրավորական բառեր ասացին ու ծեծեցին իրար։ Իսկ նոյեմբերի 15-ին ծեծկռտուք տեղի ունեցավ Հ1-ի տաղավարում, նկարահանման ընթացքում՝ քաղաքագետի և լրագրողի միջև։ Երկու դրվագները նույն տրամաբանության մեջ են։

Հ1-ի տաղավարում ծեծկռտուքի ցուցադրությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այսուհետև ընդդիմադիր հյուրի մասնակցությամբ հաղորդումներում լինելու են սադրանք և ծեծկռտուք։ Եթե այդպես լինի, ապա քաղաքացին կզրկվի քաղաքական միտք, գաղափար, դիրքորոշում լսելու հնարավորությունից։ Քաղաքական գործիչն ու քաղաքագետը կգնահատվեն ոչ թե գաղափարներով, ծրագրերով, դիրքորոշմամբ, այլ նրանով, թե ինչպես են կռվում ԱԺ-ում, Հ1-ի տաղավարում։ Եթե լավ են կռվում, ուրեմն լավն են, նրանց կվստահեն բարձր դիրք, նրանց խոսքը վստահելի աղբյուր կհամարվի։

ՔՊ-ին ձեռնտու է սա նաև ներքին խաղաղությունը քայքայելու առումով։ Դեռևս 2018-ից, Թավշյա հեղափոխությունից հետո, ՔՊ-ականները ատելություն են քարոզում, հասարակությունը բաժանում իրար ատող մասերի, արհամարհանքով խոսում ժողովրդի մի մասի մասին։ ՔՊ-ականների խոսքում հարգանք չկա, այլ ատելություն, զզվանք, չարություն, վախ, հիստերիկ տոն, մաղձ, որոնք նույն կամ համարժեք արձագանք են ստանում, արժանապատվություն, ինքնասիրություն ունեցող մարդիկ չեն կարողանում անտարբեր մնալ, ու կռիվ է սկսվում։ Այսինքն՝ եթե ՔՊ-ականին համարժեք արձագանքեք, ապա կռիվ կլինի։

Քաղաքական ողջամիտ, փաստարկված ու հարգալից բանավեճի բացակայության պարագայում մանիպուլյացիայի լայն դաշտ է բացվում։ Փաշինյանի և նրա փայփայած ռուսամետ ընդդիմության, սկսնակների, քաղաքականապես սակավակիրթների համար սա երանելի միջավայր է։ Նրանք կարող են հերոսաբար ծեծել միմյանց, իրենց գործը կատարված համարել, իրենցից գոհ մնալ։ Իսկ ժողովուրդն էլ կարող է ընտրություն կատարել, թե որ կողմն է ավելի թունդ ու երկար հայհոյում, ով է ավելի դիպուկ հարվածում, ով է վարպետորեն խույս տալիս հարվածից և այլն։

Արդյունքում՝ ժողովուրդը քաղաքական առումով կդեգրադացվի, կդառնա ցածրակարգ էթնոս։ Ինչպես հայտնի է՝ ցածրակարգ ժողովուրդները պետություն չունեն։ Ցածրակարգ ցեղերում առաջ են քաշվում ոչ թե խելացի և կիրթ մարդիկ, այլ պինդ երես, ուժեղ ձեռքեր, պինդ ոտքեր, ճղճղան ձայն ունեցողները։

Կարճ ասած՝ Հ1-ով ծեծկռտուքի ցուցադրությունը հիմք է ենթադրելու, որ իշխանությունը խրախուսում է բռնությունը, ծեծկռտուքը քաղաքական բանավեճում նորմալ համարում։ Ուստի՝ քաղաքական գործիչները պարտավոր են ոչ թե շատ կարդալ և զարգացնել իրենց քաղաքական գիտելիքն ու միտքը, ազգանպաստ ծրագրեր կազմել, այլ բռնցքամարտ ու սումո պարապել, մարտական հնարքներ յուրացնել, որ Հ1-ում բանավեճում կամ ԱԺ-ում խայտառակ չլինեն, հաղթած դուրս գան ծեծկռտուքներից։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:30 Հարսանիքի տորթը դեռ չէին հասցրել կտրել. մահացած 15-ամյա տղան հարսի քրոջ որդին էր, վարորդը` 17-ամյա պատանին, վիրավոր է
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
21:12 Ուկրաինացիները հարվшծել են Ախտուբինսկի ռազմական օդակայանին
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
20:57 Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի ռուսական սահմանի անցակետերը
20:42 Լամին Յամալը փոխել է խաղային համարը Անգլիայի դեմ խաղից առաջ