ԱՄՆ միջանկյալ ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո նախագահ Դոնալդ Թրամփի ընտրական կոալիցիայում սրվել են նրան հետագայում աջակցելու հարցի շուրջ տարաձայնությունները։
Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով PF Global-ի հարցումը։
Հետազոտության համաձայն՝ MAGA շարժման կողմնակիցները հանդես են գալիս Թրամփի հետ Հանրապետական կուսակցության կապերն ամրապնդելու օգտին, մինչդեռ 2024 թվականի նրա ընտրական կոալիցիայի մյուս մասնակիցները պատրաստ են հեռավորություն պահել նախագահից։ Երկրորդ խմբի մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ ընտրողը նշել է, որ այս ընտրություններում քվեարկել է դեմոկրատների օգտին։
Միաժամանակ, MAGA շարժման մաս չկազմող Թրամփի կողմնակիցների 59%-ը նախագահին համարել է ընտրություններում պարտված կողմ։
Հարցվածների գրեթե կեսը կարծում է, որ հանրապետական թեկնածուները տնտեսական հարցերում պետք է հեռավորություն պահեին նրանից։
Տարաձայնություններն առնչվել են նաև կուսակցության ղեկավարությանը։ Պարբերականի տվյալներով՝ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի 31 անդամ ստորագրել է օրենսդիրներին ուղղված դիմում՝ կոչ անելով վերաիմաստավորել քվեարկության արդյունքները։
Նամակում նշվում է, որ հանրապետականները լուրջ պարտություն են կրել նույնիսկ երկրի՝ ավանդաբար հանրապետական համարվող շրջաններում։