ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հասարակական-քաղաքական ուժերին միավորման կոչ է անում։
Նարեկ Կարապետյանն առաջարկում է քաղաքական բոլոր ուժերին, հասարակական գործիչներին ու մտավորականությանը համախմբվել չորս առանցքային սկզբունքների շուրջ։
Կարապետյանի խոսքով՝ պատմության ընթացքում հայ ժողովուրդը մեծագույն կորուստներն ունեցել է ներքին պառակտվածության պատճառով։
Նա ընդգծում է, որ չնայած քաղաքական տարբեր հայացքներին ու առաջնահերթություններին, այժմ վրա է հասել այն բեկումնային պահը, երբ հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունն ու ազգային ինքնության պահպանումը պետք է դառնան վերկուսակցական օրակարգ։
Համախմբման 4 հիմնական սկզբունքները
Նարեկ Կարապետյանն առանձնացնում է չորս առաջնահերթություն, որոնք, նրա համոզմամբ, պետք է ընկած լինեն ազգային համախմբման հիմքում.
Ադրբեջանի թելադրած սահմանադրական փոփոխությունների մերժում
— Թույլ չտալ արտաքին ճնշման տակ Մայր օրենքի փոփոխություն, ինչը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։
Տարածքային անվերջանալի զիջումների կասեցում
— Դադարեցնել միակողմանի զիջումների քաղաքականությունը, որը թուլացնում է երկրի անվտանգային համակարգը։
Ազգային արժեքների և Եկեղեցու պաշտպանություն
— Պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու ազգային ինքնության հիմքերը, ինչպես նաև վերականգնել խաթարված ժողովրդավարական արժեքները։
Պետության արբանյակացման կանխում
— Բացառել Հայաստանի վերածումը արտաքին ուժերից կախյալ տարածքի։
Ժամանակավոր միավորում՝ հանուն հանգուցային նպատակի
«Տարբեր ճանապարհներով գնացող մարդիկ կարող ենք լինել, տարբեր առաջնահերթություններ ունենալ, բայց այս գաղափարների շուրջ պետք է միավորվենք»,- նշում է Կարապետյանը՝ շեշտելով, որ պետականության պահպանումից հետո միայն յուրաքանչյուր քաղաքական միավոր կարող է վերադառնալ իր ծրագրերին ու քաղաքական օրակարգին։
ԱԺ պատգամավորը եզրափակում է իր ուղերձը՝ հորդորելով չանտեսել պահի լրջությունը և միասնական ճակատով պաշտպանել Հայաստանի Հանրապետության իրական անկախությունն ու ապագան։