Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 20:11 02-11-2026

Բարեկարգումն ավարտվել է․ «Հաղթանակ» բառը կա, հերոսի նկարը` ոչ

Սեպտեմբերին Oragir.News-ը գրել էր, որ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջվել է 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Օրեր առաջ Oragir.News-ն այցելել էր «Հաղթանակ» զբոսայգի և արձանագրել, որ հերոսի նկարը չի վերականգնվել, իսկ այգու մուտքի կամարի վրայից հանվել են «Հաղթանակ» տառերը։

Խնդրի վերաբերյալ Oragir.News-ը կապ էր հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ՝ պարզելու, թե ինչու են հեռացվել տառերը։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնել էին, որ դրանք շուրջ 30 տարի նույն տեսքն են ունեցել, ժանգոտվել և մաշվել են, իսկ հեռացվել են տարածքի բարեկարգման աշխատանքների շրջանակում։ Նշվել էր նաև, որ նախատեսվում է թարմացնել կամարի, պատերի և հարակից տարածքի տեսքը, ինչպես նաև տեղադրել նոր լուսավորության համակարգ։ Քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ տառերի հետ կապված աշխատանքները պատրաստ կլինեն մոտ 10 օրից։

Այսօր Oragir.News-ը կրկին այցելել է Հաղթանակի զբոսայգի՝ տեղում տեսնելու, թե ինչ փոփոխություններ են կատարվել։ Պարզեցինք, որ «Հաղթանակ» գրության տառերն արդեն վերադարձվել են պատին և գտնվում են բարեկարգված վիճակում, սակայն 44-օրյա պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը դեռևս բացակայում է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Հաղթանակի զբոսայգու հուշապատից հեռացվել էր նաև Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի նկարը։ Քաղաքապետարանը պատճառաբանել էր, որ այն հեռացվել է բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր խնդրին՝ այցելելով զբոսայգի և արձանագրելով, որ պատի հատվածում բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում։

Տեսանյութ:

Ձեզ գուցե հետաքրքրի