Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 19:47 02-11-2026

Ծանրամարտի ԱԱ․ Ռաֆիկ Հարությունյանի արդյունքը

Չինաստանի Նինբո քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը (85 կգ)։

2022 թվականի Եվրոպայի չեմպիոնը հանդես եկավ B խմբում և երկամարտում գրանցեց 345 կգ արդյունք։

Հայ ծանրորդը յուրաքանչյուր վարժությունում հաջողությամբ կատարեց միայն մեկական մոտեցում։ Պոկում վարժությունում Հարությունյանը գլխավերևում պահեց 155 կգ, իսկ հրումում՝ 190 կգ կշռող ծանրաձողը։ B և C խմբերի ելույթներից հետո Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ B խմբի մրցումներին մասնակցեց նաև Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը, որն այժմ ներկայացնում է Բոսնիա և Հերցեգովինան։ Հայաստանի հավաքականի նախկին ծանրորդը երկամարտի 346 կգ արդյունքով (160+186) զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ նույն քաշային կարգի C խմբում հանդես եկած Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանն այս պահին 12-րդն է։ Նա երկամարտում գրանցել էր 337 կգ արդյունք՝ պոկում վարժությունում բարձրացնելով 147 կգ, իսկ հրումում՝ 190 կգ։

Armsport