Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 1-ին, հայտնել են բուլղարական լրատվամիջոցները՝ հղում անելով էքզիթ փոլերի արդյունքներին։
Alpha Research և Myara սոցիոլոգիական գործակալությունների կողմից անցկացված զուգահեռ ձայների հաշվարկի համաձայն՝ Յոտովան և նրա փոխնախագահի թեկնածու Կիրիլ Վալչևը ստացել են ձայների մոտ 58%-ը: Նրանց մրցակիցներ՝ նախկին վարչապետ Անդրեյ Գյուրովը և Գեորգի Կանդևը՝ մոտ 39%-ը:
Այլ ընկերությունների կողմից անցկացված հարցումները նույնպես վկայում են Յոտովայի հաղթանակի մասին: Եթե արդյունքները հաստատվեն, Յոտովան կլինի Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթած առաջին կինը : Նախկինում՝ 2026 թվականի հունվարին, նա ստանձնել էր նախագահի պաշտոնը Ռումեն Ռադևի վաղաժամկետ հրաժարականից հետո ՝ փոխնախագահի պաշտոնից անցնելով նախագահի պաշտոնին:
Անդրեյ Գյուրովն արդեն ընդունել է իր պարտությունը։ Հանդես գալով ճեպազրույցում՝ նա հայտարարեց, որ ընդունում է քվեարկության արդյունքները, չնայած դրանք անակնկալ էին։ Նա նշեց, որ Բուլղարիային «դժվար ժամանակներ» են սպասվում, բայց երկիրը պետք է գտնի միավորվելու ուղիներ՝ ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար։ «Ոչինչ ապարդյուն չի անցել, և լավագույնը դեռ առջևում է. մենք ստեղծել ենք զարգացման լավ հիմք», - ասաց Գյուրովը։
Բուլղարիայի ազգային ռադիոյի կողմից մեջբերված էքզիթ-փոլերի համաձայն ՝ երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 27.2%: Սա միայն մի փոքր ավելի բարձր է, քան առաջին փուլում գրանցված ռեկորդային ցածր՝ 23% մասնակցությունը: