Ներքին 1 ժամ առաջ - 19:12 30-10-2026

«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել

ՀՀ պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկմամբ պարզվել են «Էներգաչափ» ՓԲԸ-ի պետական բաժնետոմսերի՝ 2003 թվականի մասնավորեցման մրցույթի ընթացքում հաղթողի ընտրության հիմնավորման, մրցակցային պայմանների պահպանման և գնորդի ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված մի շարք խնդիրներ։

Մասնավորապես, մրցույթում մյուս մասնակցի բացահայտ առավելությունների պայմաններում, չպարզաբանված հանգամանքներում հաղթող է ճանաչվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կ․ Դ․-ին փոխկապակցված անձին պատկանող ընկերությունը։

Հաղթողի ընտրության գործընթացին ակտիվորեն միջամտել է ՀԷՑ-ի տվյալ ժամանակահատվածի տնօրեն Ե. Գ․-ն, ինչի հետևանքով գնորդի համար ստեղծվել է մրցութային պայմաններով չնախատեսված առավելություն, որն ազդել է մրցույթի վերջնական արդյունքի վրա։

Մասնավորեցման մրցույթին մասնակցել են «Գոլդեն Ռուֆ» ՍՊԸ-ն և անհատ ձեռնարկատեր Ս․ Հ․-ն։ «Գոլդեն Ռուֆ»-ն առաջարկել է ընկերության բաժնետոմսերը ձեռք բերել 98 մլն դրամով և երեք տարվա ընթացքում կատարել 380 մլն դրամի ներդրում, մինչդեռ մյուս մասնակցի առաջարկած ներդրումների ընդհանուր չափը կազմել է 1.34 մլրդ դրամ, նախատեսված աշխատատեղերի թիվը նույնպես ավելի մեծ է եղել։

Թեև արձանագրված ներդրումների ընդհանուր չափը կազմել է 380.665 մլն դրամ, սակայն դրանց հետագա ծախսման ուղղություններն ու նպատակային օգտագործումը լիարժեք գնահատելու համար փաստաթղթեր չեն եղել։

Հիմնադիրների և մասնակիցների նկատմամբ 1.259 մլն դրամ պարտավորության մարման վերաբերյալ հաստատող փաստաթուղթ նույնպես չի հայտնաբերվել։

Նույն ժամանակ 180 աշխատակցի համար չի ապահովվել պայմանագրով նախատեսված 75 հազար դրամ նվազագույն ամսական աշխատավարձը։

«Էներգաչափ»-ի գույքի մի մասը 2004 թվականից վարձակալության է տրվել ՀԷՑ-ին։ Նույն թվականի փետրվարի 16-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2.306 մլրդ դրամ։

Մշտադիտարկման արդյունքներով արձանագրված հանգամանքների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ համապատասխան իրավական գնահատական տալու և օրենքով սահմանված ընթացքն ապահովելու նպատակով։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա