Ներքին Խոսք 53 րոպե առաջ - 18:30 23-10-2026

Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը իրավական որևէ հիմք չունեն եկեղեցում պաշտոնավարելու

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն առանց քննության է թողել Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տ. Արամ քահանա Ասատրյան) և Արամայիս Թախմազյանին (նախկինում՝ Տ. Թադե քահանա Թախմազյան) կարգալույծ հռչակելու՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու հայցը։

Դատարանը որոշել է, որ հայցը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չէ։

Այս թեմայի շրջանակում Oragir.News-ը զրուցել է փաստաբան Արա Զոհրաբյանի հետ։

- Պարոն Զոհրաբյան, դատարանը վերացրել է Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի պաշտոնավարումն ապահովելու համար ավելի վաղ կիրառված հայցի ապահովման միջոցները: Գործնականում սա ինչ է նշանակում Սուրբ Հովհաննավանքի և Թալինի եկեղեցու համար։ Նրանք այլևս իրավունք ունե՞ն մուտք գործել այդ եկեղեցիներ որպես հոգևորական, թե՞ նրանց մուտքն այնտեղ արդեն պաշտոնապես արգելված է:

- Դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայցի ապահովումը կհամարվի վերացված: Ինչ վերաբերում է Սուրբ Հովհաննավանքի և Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու տիրապետմանը, ապա անկախ այս դատական վեճերից, Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը իրավունք չունեին և այժմ էլ չունեն զավթելու եկեղեցիները:

– Թեև վարույթը կարճվել է, հայցվորները ունե՞ն որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունք: Եթե այո, որքանով է հավանական, որ նրանք կգնան այդ քայլին, և ինչ հեռանկար ունի նրանց բողոքը։

– Հայցվորները իրավունք ունեն բողոքարկել դատական ակտերը, սակայն այդ ճանապարհն ընտրելով ավելի կբարդացնեն իրենց իրավական վիճակը: Այս պահին Ստեփան Ասատրյանն ունի մեղադրյալի կարգավիճակ Հովհաննավանքը զավթելու փաստով Մայր Աթոռին վնաս պատճառելու վարքագծի կապակցությամբ: Նրանք պետք է մի բան գիտակցեն, որ Արմավիրի մարզի դատավորները գտնվելով իշխանությունների մեծ ճնշումների ներքո, ի վերջո ճիշտ որոշումներ կայացրին:




Հասմիկ Մովսիսյան