«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական ֆրակցիայի միջին ու ստորին էշելոնները:
Բախտի բերմամբ, թե պատահմամբ պատգամավոր դարձածները, բառի բուն իմաստով, դեպրեսիայի մեջ են ընկել, արդեն պատկերացնում են, որ զրկվել են առաջիկա հինգ տարվա բարձր աշխատավարձից, գործուղումներից, արքայական կյանքից, և նոր փորձություններ են իրենց սպասվում։
Ոմանք էլ իրար հույս են տալիս, թե Փաշինյանի ո՞ր հայտարարությունն է իրականություն դարձել, որ սա դառնա․ պետք չէ շատ լուրջ վերաբերվել»։
--
««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Թերթին հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում. տեղեկություն, որ գաղտնի էր պահում բարձր դատարանը։
Իշխանության ներսում, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ակնկալել են, որ դատարանի նախագահի պաշտոնը հենց առաջին փորձից կզբաղեցնի ՔՊ-ի նախընտրելի թեկնածու Վլադիմիր Վարդանյանը, սակայն քվեարկության արդյունքները սառը ցնցուղ են եղել։
Արդյունքում, ըստ թերթի աղբյուրների, Վլադիմիր Վարդանյանի օգտին քվեարկել է 3 դատավոր և ինքը՝ Վարդանյանը, իսկ Էդգար Շաթիրյանը ստացել է առավել շատ՝ 5 ձայն։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։
Քննարկումների ժամանակ ընդդիմադիրները ենթադրել են, որ կտրուկ պատասխանը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել, և Փաշինյանը կարող է նորից ռեպրեսիվ գործիքակազմ կիրառել իրենց դեմ, սակայն եկել են եզրահանգման, որ չի կարելի չվերցնել նետված ձեռնոցը»։
--