Ներքին Միտք 53 րոպե առաջ - 20:36 19-10-2026

ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու

Խիստ արժանահավատ են դառնում ընդդիմադիր թեկնածուների ու պոտենցիալ թեկնածուների նկատմամբ մարզերում կիրառվող ճնշումների մասին ահազանգերը։

Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Ակնհայտ է, որ բազմաթիվ ՔՊ-ականներ ուզում են ընտրություններին մասնակցեն մրցակցության բացակայության պայմաններում... Եվ դրա համար չեն վարանում նաև վարչական լծակներ կիրառելուց։

Ընդորում, ձեզ չթվա, թե դա կիրառվում է միայն «հակապետական» ուժերի դեմ։ Դա արվում է բոլոր տեսակի ընդդիմադիրների նկատմամբ։

Մարզերում անպակաս տասովշիկների համար պետական-հակապետական չկա. ՀՀԿ-ից ելել, տեղավորվել են ՔՊ-ում ու անում են նույնը` առանց ընտրակաշառքի։

ՔՊ-ն էլ, ինչպես տեսնում եք, գրկաբաց ընդունում է տասովշիկներին, երբեմն, նույնիսկ, վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու։

Մեծ հաշվով, կուսակցականին ԿԸՀ նախագահ դարձնելուց ու ԲՀԿ-ից մանդատները գողանալուց հետո այս ամենը զարմացնող չի։ Զարմացնողն այն է, որ այս ամենով հանդերձ ՔՊ-ում կան նաև ժողովրդավարության իրական գաղափարակիցներ։

Հ.Գ. Երևի պիտի շնորհակալ լինենք, որ ՔՊ-ն ընտրակաշառք չի բաժանում»,- նշել է նա։