Գյումրիի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր 30 հարց, լարված մթնոլորտում է անցել։ Եթե սկզբում քննարկումներն ընթանում էին համեմատաբար հանգիստ, ապա Վարդանանց հրապարակում ամանորյա տոնածառի տեղադրման և քաղաքի տոնական ձևավորման հարցը քննարկելիս ավագանու անդամների միջև լեզվակռիվ սկսվեց։ Նիստի ընթացքում հնչեցին նաև բարեգործներին ու իշխանություններին վերաբերող սուր արտահայտություններ։
Հոկտեմբերի 14-ին կայացած նիստի օրակարգում համայնքային բյուջեից դրամական միջոցների հատկացումների, հրդեհներից տուժած քաղաքացիներին փոխհատուցելու, մշակութային կազմակերպություններին նվիրատվություններ տրամադրելու, համայնքային գույքի տնօրինման և այլ հարցեր էին։
Սակայն քննարկումների ամենալարված հատվածներից մեկը վերաբերում էր Գյումրիի ամանորյա ձևավորմանը։ Օրակարգի 18-րդ հարցով առաջարկվում էր գումար հատկացնել Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառի մոնտաժման ու ապամոնտաժման, ինչպես նաև բնական եղևնու ճյուղերի ձեռքբերման, տեղափոխման և տեղադրման համար։ Հաջորդ՝ 19-րդ հարցը վերաբերում էր համայնքապետարանի կազմակերպելիք ամանորյա միջոցառումների անցկացման ֆինանսավորմանը։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանն իր վրդովմունքն արտահայտեց այն առնչությամբ, որ «Գյումրու օրվա» մասին տեղեկացել է ոչ թե քաղաքապետարանի պաշտոնական էջից, այլ «Ուժեղ Հայաստանից»։
«Գյումրու օրվա» մասին պիտի պաշտոնական էջից իմանայի, ոչ թե «Ուժեղ Հայաստանից»,- ասել է Արամյանը։
ՔՊ-ականին հակադարձել է Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը։
Անահիտ Չալիկյան