Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի թիվ 82 հիմնական դպրոցի աշակերտները։
Այցելության ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության նպատակներն ու հիմնական ուղղությունները, անդրադարձել լիազորությունների շրջանակին և աշխատանքի առաջնահերթություններին։ Այս մասին հայտնում է Պաշտպանի աշխատակազմը։
«Աշակերտների հետ քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթները, երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումն ու արձագանքը, կրթության իրավունքի ապահովումը, երեխայի անձնական տվյալների պաշտպանությունն ու առցանց անվտանգությունը, երեխայի աշխատանքային իրավունքները, անչափահասների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի առաջնահերթությունը։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն է տվել աշակերտներին բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ»,-ասված է հաղորդագրության մեջ։