18-րդ դարի կեսերին Պարսկաստանում լուրջ պայքար էր մղվում իշխանության համար. այդ նույն ժամանակահատվածը խաղաղ չէր նաև Արցախի համար. հայկական մելիքությունների ու մելիքների միջև հակասությունները գնալով սրվում էին: Վարանդայի մելիք Շահնազարը, սեփական իշխանությունը կորցնելու վախեր ունենալով, Փանահ խանին հրավիրում է Շուշի որպես դաշնակից, բայց շատ շուտով «դաշնակիցը» պայքար է սկսում հայկական մելիքությունների դեմ՝ ընդլայնելով սեփական իշխանությունը:
Արամայիս Աղաբեկյանը ուշագրավ մանրամասներ է ներկայացնում այս հետաքրքիր ժամանակաշրջանի մասին «Անցյալի դասերը» շարքի թողարկման մեջ:
«Իսկ եթե ձեզ ասեմ, որ Փանահ խանը Շուշին պարզապես չգրավեց․․․ նրան Շուշի բերեց Արցախի հայ մելիքներից մեկը»։ 18-րդ դարի կեսերն էին։ 1747 թվականին Նադիր շահի մահից հետո Պարսկաստանում սկսվում է իշխանության համար պայքար։ Այս իրավիճակից փորձում են օգտվել տարածաշրջանի տարբեր ուժեր։
Այդ ժամանակ Արցախում գործում էին հայկական մելիքություններ՝ Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Բայց Արցախի ներսում արդեն լուրջ հակասություններ էին առաջացել։ Վարանդայի մելիք Շահնազար Բ-ն հակամարտության մեջ էր մյուս մելիքների հետ և վտանգ էր զգում նրանց կողմից։ Ու հենց այստեղ է հայտնվում Փանահ խանը։
Փանահը Ջևանշիր ցեղի առաջնորդներից էր և փորձում էր Արցախում սեփական իշխանություն հաստատել։ Սկզբում նա ամրացել էր Շահբուլաղի բերդում և այնտեղից փորձում էր ընդլայնել իր ազդեցությունը։ Սակայն Արցախի մելիքների միացյալ ուժերը նրան դիմադրում էին։ Փանահին անհրաժեշտ էր մի այնպիսի վայր, որտեղ նա կարող էր ապահով ամրանալ։
Իսկ Շահնազարին անհրաժեշտ էր ուժեղ դաշնակից՝ իր հակառակորդների դեմ պայքարելու համար։ Եվ այստեղ նրանց շահերը համընկան։ Շահնազարը դիմեց Փանահին։ Եվ նրան առաջարկեց այն, ինչը հետագայում փոխելու էր ամբողջ Արցախի պատմության ընթացքը։ Շուշին։ Շահնազարը Փանահին տրամադրեց Շոշի հին, անմատչելի բերդը։ Փանահը մտավ Շուշի։ Բայց սա դեռ ամենը չէր։
1752–1754 թվականներին բերդը սկսեցին վերակառուցել և ամրացնել։ Այն դարձավ Փանահի գլխավոր հենակետը։ Նոր իշխանությունը բերդը կոչեց Փանահաբադ։ Բայց հայերը շարունակեցին այն անվանել իր հին անունով՝ Շուշի։ Եվ այստեղ պատմության ամենահետաքրքիր շրջադարձն է։ Շահնազարը Փանահին բերել էր Շուշի՝ որպես դաշնակից։ Բայց Փանահը շատ արագ վերածվեց ինքնուրույն քաղաքական ուժի։
Նա ամրացավ Շուշիում, ընդլայնեց իր իշխանությունը և սկսեց պայքարել Արցախի մելիքությունների դեմ։ Այսինքն՝ այն ուժը, որ Շահնազարը հրավիրել էր իր հակառակորդների դեմ պայքարելու համար, ժամանակի ընթացքում դարձավ հենց այն ուժը, որը սահմանափակելու էր մելիքների իշխանությունը։
Եվ այստեղ կարելի է տալ գլխավոր հարցը. Շահնազարը Փանահին օգտագործե՞ց իր հակառակորդների դեմ, թե՞ Փանահը օգտագործեց Շահնազարին՝ Արցախում իշխանություն ձեռք բերելու համար։ Պատմական փաստը մնում է նույնը։ Շուշիում Փանահի ամրապնդման ճանապարհին վճռական դեր ունեցավ Արցախի ներսում եղած քաղաքական պայքարը։
Շահնազարը դաշնակից փնտրեց։ Գտավ Փանահին։ Եվ նրան հանձնեց Շուշիի բերդը։ Իսկ այդ որոշումը դարձավ Արցախի պատմության մի մեծ շրջադարձ։ Փանահը մտավ Շուշի որպես դաշնակից։ Բայց Շուշիից դուրս եկավ որպես Ղարաբաղի խան։ Ու հիմա՝ այս պատմությունը լսելուց հետո, գուցե արժե՞ մեկ այլ հարց էլ տալ։
Արդյո՞ք մեր քաղաքական մշակույթում անցյալից եկած այս երևույթը՝ ներքին պայքարում սեփական հակառակորդի դեմ մեկ ուրիշ ուժի բերելն ու հետո այդ ուժին տեղում ամրացնելը, այսօր էլ ամբողջությամբ վերացել է։
Արդյո՞ք երբեմն մենք էլ չենք տեսնում իրավիճակներ, երբ մեկը, սեփական քաղաքական հակառակորդին թուլացնելու համար, ուժեղացնում է մեկ ուրիշին՝ չմտածելով, թե վաղը այդ ուժը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ արդեն ամբողջ դաշտի վրա։ Պատմությունը միայն անցյալի մասին չէ։ Պատմության արժեքը նաև այն է, որ ստիպում է հարցնել՝ արդյո՞ք մենք սովորել ենք անցյալի սխալներից»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: