Գրեթե բոլորն էլ հիշում են՝ ինչ անզիջում ու հուզումնառատ պայքար էր գնում Ամուլսարի համար 2018-ին, Թավշյա հեղափոխությունից հետո։ Բնապահպանները, նրանց միացած հասարակական ակտիվիստները Ամուլսարի մոտ վրաններ էին խփել, բնապահպանական կարգախոսներ պարզել, «Ամուլսարը պիտի մնա սար», ներխուժում էին հանքի տարածք և այլն։ Շրջակա գյուղերի բնակիչներին էին փորձում ներգրավել պայքարին։ Սոցցանցերը եռում էին «Save Amulsar» հեշթեգով։ Սերժ Թանկյանն էր միացել այս արշավին։ Նույնիսկ կառավարության անդամներն էին պասիվ և ոչ համարժեք արձագանքներով, կարծես՝ աջակցում այս շարժմանը։ Տպավորություն էր, թե ժողովուրդն ու իշխանությունները չեն ուզում, որ Ամուլսարի ոսկու հանքը շահագործվի, այլ ուզում են պահպանել և՛ բնությունը, և՛ ոսկու պաշարները։
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը։ Նա շրջայց է կատարել բացահանքի տարածքում, ծանոթացել հանքավայրի շահագործման համար ստեղծված պայմաններին։ Հաջորդիվ կայացել է Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է հանքավայրի շահագործման մեկնարկը։ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, կարևորել այն հանգամանքը, որ հանքավայրի շահագործման հանդիսավոր արարողությունն անցկացվում է առանց մոտակայքում բողոքի ակցիաների։ Նա նշել է, որ տասնյակ խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում բնապահպանական ոլորտի հետ առնչվող բոլոր հարցերին տրվել են պատասխաններ: «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն: Եվ նաև պիտի արձանագրենք, որ ցանկացած զարգացած երկրի համար այս որակի հանքարդյունաբերությունը, որը բնապահպանական և բոլոր սոցիալական առումով պատասխանատու է, երկրի զարգացման կարևորագույն լոկոմոտիվ է, և այստեղ այդ ամեն ինչը տեսնում ենք»,-շեշտել է Փաշինյանը՝ հավելելով, որ հաջորդ կարևոր որոշումը նման ներդրումային ծրագրերի սոցիալական պատասխանատվության ընդգծումն է, որովհետև ազդակիր համայնքներն էական աջակցություն կստանան Լիդիան ընկերությունից:
Ո՞ւր են այն բնապահպանները, որոնք դեմ էին Ամուլսարի շահագործմանը։ Ո՞ւր են կռված տղաները, որ կանգնում էին բնապահպանների կողքին ու պայքարին մարտական ոգի հաղորդում։ Ո՞ւր են ՇՄԱԳ անողները։ Ո՞ւր կորան բոլորը։
Ենթադրելի է, որ երբեմնի պայքարողները պարզապես անսկզբունքայնություն են դրսևորում։ Անսկզբունքայնությունը ՔՊ-ին բնորոշ հատկանիշ է, որը դրսևորել է բազմաթիվ առիթներով։ Եվ հավանաբար, Ամուլսարի համար պայքարողները վարակվել են անսկզբունքայնությամբ և Ամուլսարը հիմա չի հետաքրքրում նրանց։
2018-ին կասկածներ էին շրջանառվում, թե Ամուլսարի համար շարժումը տակից ուղղորդվում է իշխանությունների կողմից։ Թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանը վարում էր վառ ռուսամետ կուրս։ Ասում էին, թե նա ռուսների խնդրանքով խոչընդոտում էր Լիդիան ընկերությանը, որ հիասթափեցնի, որ թողնեն, գնան, իսկ հետո նա հանքը նվիրի ռուսներին։
Իրավիճակը շեշտակի փոխվեց, երբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը ՀՀ կառավարությանը 12,5 տոկոս մասնաբաժին տվեց։ ՔՊ-ական կարկառուն գործիչ Գնել Սանոսյանն էլ նշանակվեց «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդում ՀՀ կառավարության ներկայացուցիչ։ Այսինքն՝ բացի հարկերից, 12,5 տոկոս էլ ուղիղ տալիս են Փաշինյանի կառավարությանը։ Սա էլ ամենը չէ։ Լիդիանը, Կառավարությունն ու ազդակիր երեք համայնքները վերջերս հստակեցրել են համայնքային աջակցության ծրագրի իրականացման պայմանները։ «Ոչ միայն հստակեցվեց, որ համայնքներին տարեկան կտրվի 7-ից մինչև 9 միլիոն դոլար գումար, այլ նաև հստակեցվեց ծրագրի մեթոդաբանությունը, ուղղությունները, աշխատանքի ձևաչափը։ Սա, կարծում ենք, անչափ կարևոր է»,-այսօր հանքի շահագործման մեկնարկին ասել է Գնել Սանոսյանը։
Կարճ ասած՝ Ամուլսարն ակտիվորեն քերելու են և արդյունահանելու են ոսկին։ Իշխանություններն ու ազդակիր համայնքները, ենթադրաբար, ջանք են գործադրելու, որ բնապահպանական խնդիրներ չծագեն, իսկ ծագելու դեպքում աղմուկ չբարձրանա։ Իսկ ինչո՞ւ Ամուլսարի մոտ այսօր բողոքի ցույցեր չէին անում 2018-ին ցույցեր անող բնապահպանները, նրանց սատարող հասարակական ակտիվիստները, արշավին միացած Սերժ Թանկյանը, թող իրենք էլ պատասխանեն. բնապահպանական ռիսկերը վերացե՞լ են, Հայաստանին պետք չե՞ն Ամուլսարի ոսկու պաշարները, թե՞ հուսահատվել են։
Թաթուլ Մկրտչյան