Ներքին 2 օր առաջ - 18:09 07-10-2026

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ Հայաստանի ցուցաբերած թափանցիկությամբ, հարցերը քննարկելու պատրաստակամությամբ և ծրագրի տնտեսական հնարավորություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին՝ Իրան կատարած այցի և TRIPP-ի վերաբերյալ իրանական կողմի ընկալումների մասին։

«Իրանում բավարարված են TRIPP-ի շուրջ ողջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ, բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությամբ, ինչպես նաև տնտեսական հնարավորություններով, որ այդ նույն ենթակառուցվածքների գործարկումը ընձեռելու է հենց Իրանին»,– ասաց Միրզոյանը։

Նախարարը շեշտեց, որ այդ գնահատականը հիմնված է այցի ընթացքում իր ստացած տպավորությունների և լսածի վրա։ Նրա խոսքով՝ որոշ լրատվամիջոցների և ընդդիմադիր շրջանակների ներկայացրած՝ TRIPP-ի շուրջ աժիոտաժը չի համապատասխանում իրականությանը։

Միրզոյանը նշեց, որ իրանական գործընկերների հետ ծրագրի շուրջ քննարկումների ընթացքում բարձրացվել են հարցեր, տրվել են պատասխաններ, իսկ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Անդրադառնալով այցի ընդհանուր օրակարգին՝ նախարարը տեղեկացրեց, որ Իրանի ղեկավարության և գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների ամբողջ շրջանակը՝ քաղաքական երկխոսությունից և հարաբերությունների ռազմավարական բնույթից մինչև տնտեսական ու ենթակառուցվածքային հարցեր։ Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումները։

Բեռնափոխադրումների և ավիափոխադրումների վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Միրզոյանն ընդգծեց Իրանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը՝ հաշվի առնելով միջազգային պատժամիջոցներով պայմանավորված սահմանափակումները։

«Մենք շատ բարձր ենք գնահատում և կարևորում ենք Իրանի հետ մեր հարաբերությունները, և մենք վտանգի տակ չենք դնելու դրանք»,– նշեց նախարարը։

Նա նաև հայտնեց, որ իրանական կողմի մաքսային գոտում բեռնափոխադրումների հետ կապված խցանումների և կուտակումների հարցն ինտենսիվ քննարկվում է համապատասխան գերատեսչությունների հետ։ Միրզոյանի խոսքով՝ կան տեխնիկական լուծումներ, որոնց իրականացումն առաջիկա օրերին ակնկալում է տեսնել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը