Ուղիղ խոսք 36 րոպե առաջ - 21:24 06-10-2026

Մկնդեղի բարձր ցուցանիշներ՝ Ողջի գետում, նորմայից 40-50 անգամ ավելի մոլիբդեն՝ բնակիչների օրգանիզմում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Կանաչ խորհուրդների դաշնության» համահիմնադիր, բնապահպան Շավարշ Մարգարյանը բարձրաձայնում է Սյունիքի մարզի հանքարդյունաբերական համայնքներում իրականացված հետազոտությունների ահազանգող արդյունքների մասին, որոնք հանրայնացվել են վերջերս։

Ուսումնասիրություններն ընդգրկել են Կապան և Քաջարան համայնքները, Արծվանիկի պոչամբարի հարակից տարածքները, ինչպես նաև Ողջի գետի ավազանը։ Լաբորատոր վերլուծության համար վերցվել են հողի, փոշու, Ողջի գետի նստվածքների, ինչպես նաև տեղի բնակիչների կենսաբանական (մեզի) նմուշներ։

Շավարշ Մարգարյանը ներկայացնում է իրավիճակի իրական, մտահոգիչ պատկերը։

Այսպես․ հետազոտությունների ընթացքում արձանագրվել են ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ.

Մկնդեղ. Ողջի գետի մոտ վերցված նմուշներում տոքսիկ մկնդեղի ցուցանիշները տատանվում են 8.6-ից մինչև 43 միլիգրամ՝ 1 կիլոգրամում։ Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քաջարանի նստվածքում։

Նույն տեղանքում կապարի ու նիկելի մակարդակը հասնում է մոտ 50 մգ-ի՝ 1 կգ-ում։

Մոլիբդեն. մարդկանց մեզի նմուշներում արձանագրված ամենաբարձր ցուցանիշը վերաբերել է մոլիբդենին, որի մակարդակը միջազգային նորմաները գերազանցել է 40-ից 50 անգամ։

Հատկանշական է, որ հետազոտված բնակիչները հանքարդյունաբերության ոլորտի աշխատողներ չեն, այլ պարզապես ապրում են հանքարդյունաբերական օբյեկտների և պոչամբարների անմիջական հարևանությամբ:

Փորձագետը նշում է, որ թեև այս հետազոտությունը իրավական առումով միանգամից չի ապացուցում ուղղակի պատճառահետևանքային կապը (այսինքն՝ չենք կարող միանշանակ իրավական պնդում անել, որ մեղավորը, օրինակ, ԶՊՄԿ-ն է-Շ․Մ․), սակայն սրանք լուրջ ցուցիչներ են։ Դրանք պահանջում են պետական մակարդակով ավելի լայն ընտրանքով և մեծածավալ հետազոտությունների անցկացում, ինչը, սակայն, չի արվում։

Հետազոտության ամենացնցող բացահայտումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեն մշակված նորմաներ և ստանդարտներ, թե որքան պետք է լինի ծանր մետաղների (մկնդեղ, կապար, մոլիբդեն) թույլատրելի մակարդակը մարդու օրգանիզմում։

Մասնագետները մի շարք առաջարկներ են ներկայացրել ՀՀ պատկան մարմիններին, այդ թվում՝ Արծվանիկի պոչամբարից 2 կմ հեռավորության վրա ապրող բնակչության շրջանում իրականացնել խորքային բիոմոնիտորինգ, ինչպես նաև ներդնել օդի մշտադիտարկման բաց համակարգեր։

Բնապահպանը պատմում է, որ հանրային լսումների ժամանակ բազմիցս բարձրացրել է օդի որակի չափիչ սարքեր տեղադրելու հարցը, որպեսզի տեղի բնակիչները տեսնեն, թե ինչ օդ են շնչում։

Սակայն հանքարդյունաբերողները միշտ հակադարձում են, թե այդ սարքերն առկա են։ Չնայած ահազանգող տվյալներին՝ պետական պատկան մարմինների (Շրջակա միջավայրի նախարարություն, Առողջապահության նախարարություն, համայնքապետարաններ) կողմից պատշաճ արձագանք չկա։

Ըստ Շավարշ Մարգարյանի՝ սա պայմանավորված է նրանով, որ հանքարդյունաբերությունը դիտարկվում է որպես տնտեսության «ողնաշար», և առկա է որոշակի լոբբինգ պատասխանատու կառույցներում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված