«Ժողովուրդ» թերթը զուգահեռ է անցկացնում 2015-ի հունվարին Գյումրիում ռուս զինծառայող Պերմյակովի կատարած ոճրագործության և Շաքիի դեպքի միջև։ «Երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը համեմատաբար անհամեմատելի է։
Եթե մարդու իրավունքների պաշտպանության չափանիշը իսկապես համընդհանուր է, ապա այն չպետք է փոխվի՝ կախված նրանից, թե բռնություն գործադրելու մեջ մեղադրվող զինծառայողը ռուս է, ադրբեջանցի կամ որևէ այլ երկրի քաղաքացի։
2015-ին պահանջը հնչում էր՝ օտարերկրյա զինծառայողը չպետք է անպատիժ մնա Հայաստանի տարածքում կատարած հանցագործության համար։ 2026-ին նույն սկզբունքը պետք է գործի՝ անկախ զինծառայողի ազգային պատկանելությունից։
--
«Հրապարակ» թերթը գրում է․ «Սիսիան քաղաքում՝ Շաքիի դեպքերից հետո մեծ վախ է տիրում։ Սիսիանի բնակիչները թերթին պատմեցին, որ արդեն երկու օր է՝ դուռ ու լուսամուտները պինդ փակում են, իսկ գիշերները, ինչպես իրենք են ասում, «մի աչքը բաց» են քնում։ Ամեն անսովոր ձայնից կամ դխկոցից վեր են թռչում՝ ստուգելու հանկարծ մեկ այլ ադրբեջանցի «չի՞ այցելել» իրենց տուն։
--
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանական շրջանակներում հստակ քննարկվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականին հասնելու հետագա քայլերի հարցը։
Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման նպատակի ամրագրումից հետո իշխանություններն անցնում են խորհրդարանական քննության փուլին»։
--