Իսրայելի, թշնամի երկրների նավերը և ռազմական բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները չեն կարողանա անցնել Հորմուզի նեղուցով, եթե ընդունվի այդ ռազմավարական երթուղու անվտանգության վերաբերյալ նոր օրինագիծը։
Այս մասին հայտնել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության կոմիտեի մամուլի քարտուղար Հասան Ղաշղավին։
«Սիոնիստական ռեժիմին և թշնամական պետություններին պատկանող նավերը, ինչպես նաև նրանք, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում մեր դեմ կամ ռազմական բեռներ են տեղափոխում, չեն կարողանա անցնել Հորմուզի նեղուցով»,- Tasnim-ի հարցազրույցում հայտնել է խորհրդարանական կոմիտեի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ մյուս, ոչ թշնամական պետությունների նավերը պետք է ստանան հատուկ թույլտվություններ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբից՝ նոր օրենքում ամրագրված կանոններին համապատասխան անցնելու համար։
Ղաշղավին նշել է, որ օրինագիծն արդեն քննարկվել է համապատասխան կոմիտեում և ներկայացվելու է Մեջլիսի բաց լիագումար նիստի քննարկմանը, որից հետո փաստաթուղթը կուղարկվի Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատմանը։