Ներքին 1 ժամ առաջ - 12:12 02-10-2026

Երևանի կենտրոնում մեկ գիշերվա ընթացքում հերթական մայթի զավթումն է տեղի ունեցել Սարյան փողոցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ շատ հաճախ քաղաքապետարանի համապատասխան վարչության և վարչական շրջանների ղեկավարներին տալիս է խիստ հանձնարարականներ, որ նրանք պետք է ցուցաբերեն հետևողականություն ու պայքարեն արատավոր երևույթների դեմ, որի մեջ է մտնում նաև այն, որ պետք է մայթերից հեռացվեն տարատեսակ կրպակներ, ստեղծված արհեստական խոչընդոտներ և մայթերը պետք է վերադարձվեն հետիոտներին։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կենտրոն վարչական շրջանում՝ Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանի աշխատավայրից 1-2 կիլոմետր հեռավորության վրա՝ Սարյան փողոցում, 1 գիշերում տեղի ունեցավ մայթի «գրավում»։

Երեկ գիշերը մի քանի ժամվա ընթացքում ապակեպատ կրպակ են տեղադրել մայթին, ինչը անհարմարություն է ստեղծում հետիոտների համար, ու ինչքան էլ քաղաքապետարանի պատասխանատուներն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը հիմա հայտարարեն, թե իրենք մտածում են հետիոտների ազատ տեղաշարժի համար, այս պատկերն այլ բան է հուշում։

Թե ով է տեղադրողը և արդյոք թույլտվություն ունի, դեռևս հայտնի չէ։ Միայն հայտնի է, որ տեղադրողը նաև փակցրել է թուղթ՝ «տրվում է վարձով» հայտարարությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Ամենից շատ դիտված