Հայաստանյան ճանապարհներին տիրող իրավիճակը, պարբերական դարձած վթարներն ու խցանումները հաճախ բարդվում են վարորդների անկարգապահության վրա։ Սակայն ոլորտի փորձագետ Արտակ Խաչատուրովը վստահ է՝ ցանկացած երկրում վարորդի վարքագիծը ձևավորում է բացառապես պետությունը։
Եթե բացառենք ԱՊՊԱ համակարգի խնդիրները, ապա մայրաքաղաքի երթևեկությունը կազմալուծող բուն պատճառները թաքնված են համակարգային անգործության և սխալ կառավարման մեջ։
Որպես ճանապարհների անմխիթար կազմակերպման անհեթեթ օրինակ՝ փորձագետը նշում է շինարարական տեղամասերում նշանների բացակայությունը, ինչը գիշերային վթարների ուղղակի պատճառ է դառնում. «Ճանապարհային նշաններ չկան, մարդիկ գիշերները գալիս-գնում են մեջը։ Մի քանի անգամ շինարարներից հետաքրքրվել եմ, թե ինչու նշան դրված չէ։ Մի հատ «հանճարեղ միտք» հնչեց՝ ասում են՝ ցերեկները դրած էր, գիշերները հետներս հավաքում-տանում են, որովհետև գալիս, գողանում են։ Բայց փաստացի նշանները հիմնականում հենց գիշերը պիտի տեղադրված լինեն, որ վթարներ չլինեն»։
Ըստ փորձագետի՝ ոլորտում առկա է կառավարման խորը ճգնաժամ, քանի որ հիմնական պատասխանատու մարմինները (Քաղաքապետարան, Պարեկային ծառայություն, Ազգային ժողով, ՏԿԵՆ) չունեն մեկ միասնական ռազմավարություն. «Ամեն մեկը իր կողմն է քաշում»:
Արդեն 10 տարի է՝ քաղաքացիներն ու փորձագետները բարձրաձայնում են, որ հարկավոր է կետ-կայանատեղեր կառուցել, ինչի նախաձեռնողը պիտի լիներ քաղաքապետարանը, սակայն այս պարզ բիզնես-մոդելը տարիներով անտեսվել է։ Հետադարձ հայացք գցելով դեռևս 2018 թվականին՝ Արտակ Խաչատուրովը հիշեցնում է, թե ինչպես էր Երևանի ավագանին անփութորեն մերժում էկոլոգիական կարևոր նախագծերը, որոնց ծանր հետևանքները քաղաքը կրում է այսօր։
«Չեմ ուզում քաղաքականացնել, բայց 2018-ին քաղաքական դաշտում, ավագանիում հայտնվել էին մարդիկ, որոնք, չգիտեմ, տնից դուրս էլ չէին եկել, ընդհանրապես երթևեկության հետ կապ չունեին: Երբ ասում էինք՝ եկեք էլեկտրոմոբիլներին արտոնություն տանք, որ էկոլոգիայի հարց լուծվի, 1000 ավտոմեքենայի արտանետում կրճատվի, չէին հասկանում: Երբ հին մեքենաների յուղը թխոցով հողի վրա է կաթում, դա անդառնալի էկոլոգիական վնաս է, որի պատասխանը մինչև հիմա չկա»,- նշում է փորձագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան