Սպորտ 1 ամիս առաջ - 16:26 01-10-2026

Վանաձորն ու Իջևանը կունենան ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան մարզադաշտեր

Կառավարության որոշմամբ Վանաձորում և Իջևանում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտեր կհիմնվեն՝ նախատեսված ավելի քան 10 հազար հանդիսատեսի համար։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախագիծը մշակվել է տարբեր գերատեսչությունների ակտիվ ներգրավմամբ և համատեղ աշխատանքի արդյունքում։

Ըստ այդմ՝ նախատեսվում է անհետաձգելի համարել Վանաձորում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման/վերակառուցման և Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտի կառուցման աշխատանքների գնման պահանջը։

Գնումների գործընթացը նախատեսվում է կազմակերպել «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։ Սահմանվում են նաև գնման գործընթացների կազմակերպման, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական փորձաքննության մի շարք առանձնահատկություններ։

«2029 թվականին Հայաստանում և Վրաստանում համատեղ անցկացվելիք ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությամբ, որին կմասնակցի 24 թիմ, անցկացվել է 52 խաղ, որի կեսը՝ Հայաստանում։

Ըստ նախնական ծրագրի՝ Հայաստանում անցկացվելիք հանդիպումները նախատեսվում է կազմակերպել Երևանում, Իջևանում և Վանաձորում։ Առաջնության պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ է ունենալ ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի՝ առնվազն 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադաշտեր»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Կառավարությունն արդեն ընդունել է մարզադաշտերի նախագծմանն առնչվող համապատասխան որոշումները։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գնման պահանջն անհետաձգելի համարելը պայմանավորված է նաև սահմանված ժամկետներով․ առաջնությունը անցկացվելու է 2029 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, և ըստ միջազգային պահանջների՝ մարզադաշտերը պետք է պատրաստ լինեն առնվազն վեց ամիս առաջ։ Նշվել է, որ նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը, վերջնական հաստատումն ու դրան հաջորդող բուն կառուցման և վերակառուցման աշխատանքները ժամանակատար են, ուստի անհրաժեշտություն է առաջացել գնման պահանջը հրատապ համարել և կիրառել մեկ անձից գնման ընթացակարգ։

Նախարարը տեղեկացրել է, որ բանակցություններ են իրականացվել մարզադաշտերի նախագծման աշխատանքներն իրականացնող «Վենյուերա Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ, որն ունի նմանատիպ մարզադաշտերի նախագծման միջազգային փորձ․ շինարարական աշխատանքները կիրականացվեն 24 ամսվա ընթացքում, մարզադաշտերը պատրաստ կլինեն 2028 թվականի վերջին։ «Վանաձորում խոսքը գնում է գործող մարզադաշտի վերակառուցման, իսկ Իջևանում՝ նոր մարզադաշտի կառուցման մասին»,-ասել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ ր այս գործընթացում ՈՒԵՖԱ-ն Հայաստանին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրում։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է այն հանգամանքը, որ Հայաստանում, ի վերջո, ստեղծվում են ֆուտբոլի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր, և ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ։ Վարչապետն այս համատեքստում հիշեցրել է, որ վերջին 1 ամսվա ընթացքում այցելել է «Նոա» ֆուտբոլական ակումբի ակադեմիա, իսկ երեկ բացվել է իտալական «Յուվենտուս» ակումբի հայաստանյան ակադեմիա. «Այն, ինչի մասին այս դահլիճում և տարբեր դահլիճներում խոսում էինք, երբեմն նաև վակուումի մեջ, հիմա այդ ամենը առարկայանում է, որովհետև ֆուտբոլը Հայաստանում սկսում է դառնալ տնտեսության ճյուղ, որովհետև մարդիկ կոնկրետ ներդրում են անում այս տրամաբանության մեջ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին