Բաստիոն 1 ժամ առաջ - 20:30 30-09-2026

Արտաշատի ընտրություններում քաղաքացիները քվեարկելու են Տիգրանաշենի կամ Քյարքիի համար. Գերասիմ Վարդանյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը:

Գերասիմ Վարդանյանը խոսել է առաջիկայում Արտաշատ խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու, ակնկալիքների, ընդդիմադիրների քիչ առաջադրվելու, դրա պատճառների ու կարևորության, Արտաշատի ընտրությունների և Տիգրանաշենը հանձնելու իշխանության քաղաքականության ուղիղ կապի, Արցախյան պատերազմում չպարտվելու հավանականության, պայքարը շարունակելու, արցախցիների իրավունքների պաշտպանության մասին:

«Արտաշատում առաջադրվել է օրվա գործող իշխանությունների ներկայացուցիչ թեկնածուն, և ընդդիմության կողմից որպես հիմնական ընդդիմախոս, ընդդիմադիր ուժ որոշեցինք մենք առաջադրվենք, մենք հիմնականում հավակնում ենք հակաքպ, հականիկոլ քվեներին Արտաշատում, որպեսզի ժողովրդին, ընդդիմադիր հատվածին միայնակ չթողնենք «Քաղաքացիական պայմանագրի» հետ, և Արտաշատի բնակչության ընդդիմադիր հատվածը ևս ընտրության հնարավորություն ունենա»,- նշեց նա:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր ուժերի ցածր մասնակցությանը և դրա կարևորությանը՝ Գերասիմ Վարդանյանը նշեց, որ օրվա քաղաքական իշխանությունների շահերը և նրանց վերարտադրության հենարաններից մեկը համարվում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք իրենց գործունեությամբ օգնում և օժանդակում են, որպեսզի իշխանությունները կարողանան վերարտադրվել:

«Եվ այդ վերարտադրության հենարանը կոտրելը կամ թուլացնելը ընդդիմադիր յուրաքանչյուր ուժի համար լուրջ մարտահրավեր է, ուստի ճիշտ չէ պայքարից հրաժարվելը կամ մի կողմ քաշվելը տարբեր պատճառաբանություններով»,- ասաց նա:

Ըստ Գերասիմ Վարդանյանի՝ Արտաշատի ընտրությունները ուղիղ կապ ունեն Տիգրանաշենը հանձնելու իշխանության քաղաքականության հետ:

«Արտաշատի ընտրություններում մեր մասնակցությունը և ընդդիմադիր զանգվածի մոբիլիզացիան ուղիղ ազդեցություն են ունենալու այս իշխանությունների կողմից Տիգրանաշենի նկատմամբ վարվող քաղաքականության վրա. եթե տեսնեն՝ մեծ է դիմադրությունը և ընդվզումը, կարծում եմ՝ նահանջելու են»,- նշեց նա:

Արտաշատի ընտրություններում քաղաքացիները քվեարկելու են Տիգրանաշենի կամ Քյարքիի համար, կարծում է ՀՅԴ գերագույն մարմնի անդամը՝ վստահ լինելով, որ եթե Տիգրանաշենը հանձնեն, Ալիևը հաջորդիվ պահանջելու է հանձնել Արտաշատը և Ղամարլուն:

«Ժողովուրդը պետք է որոշի՝ ում կողքն է կանգնում, ինչ ապագա է ցանկանում, տեսնում է Արտաշատի ապագան որպես Արտաշա՞տ, թե՞ Ղամարլու, Տիգրանաշենի ապագան որպես Տիգրանաշե՞ն, թե՞ Քյարքի»,- կարծում է Գերասիմ Վարդանյանը:

Այս և այլ ուշագրավ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:


Գևորգ Էմին-Տերյան