Ներքին 1 ժամ առաջ - 11:28 29-09-2026

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան

Սեպտեմբերի 28-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Միության Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ՆԳ նախարարության և դիվանագիտական ներկայացուցիչներ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին ՀՀ–ԵՄ համագործակցության առաջմղմանն ուղղված շարունակական ջանքերի համար։ Նախարարը նշել է, որ Եվրոպական Միության հետ ձևավորված սերտ և կառուցողական համագործակցությունն ու համատեղ օրակարգը հնարավորություն են տալիս ապահովել շոշափելի արդյունքներ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վիզաների ազատականացման գործընթացում ունեցած առաջնորդության, ինչպես նաև ՆԳ նախարարությունում և Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների համար։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, որպես վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող կարևորել է գործընթացի հաջող ընթացքը՝ այն համարելով Կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Նախարար Սարգսյանը ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու հաստատակամությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացման հարցում։ Խոսելով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ժամկետների մասին՝ նախարարը նշել է, որ հայկական կողմը որպես վերջնաժամկետ նախանշել է 2029 թվականը։

Նրա գնահատմամբ՝ Գործողությունների ծրագրի պատշաճ կատարումն ապահովելու է շոշափելի արդյունքներ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և առանց վիզայի ռեժիմի ապահովման ուղղությամբ:

Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջնահերթություններին՝ նախարար Սարգսյանն առանցքային է համարել նաև միգրացիայի կառավարումը։ Նրա խոսքով՝ այդ ոլորտում կարևորագույն քայլերից մեկը պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով նոր կենսաչափական համակարգի ներդրումն է, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին։

Խոսելով սահմանների համալիր կառավարման մասին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է ներդնել ինտեգրված համակարգ՝ նպատակ ունենալով անցում կատարել անվտանգության ապահովմանն ուղղված նոր մոդելի։ Մշակվում է նաև սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը, որը նախատեսվում է Կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև տարեվերջ։

ՆԳ նախարարը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար