Ներքին 1 ժամ առաջ - 22:27 26-09-2026

Մաթևոսյանի ԳՈՄԵՇԸ` մի ճամփորդություն դեպի մեր ներսը

Բեմադրիչ, դերակատար`ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» (The Buffalo) մոնոներկայացումն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։ Այն բեմադրվել է Հրանտ Մաթևոսյանի համանուն պատմվածքի հիման վրա։

Մոնոներկայացումը Հրանտ Մաթևոսյանի (1935-2002) «Գոմեշը»-ի բեմականացումն է։

«Հրանտը լուսնալույսի մեջ մեռած Շան մտածումն է վրձնել, Ձիու է վրձնել, Գայլի է վրձնել և Տախի (կռտած խոզի)...» և Հրանտը մարդկանց է վրձնել` անհատականությունների, միավորների` «արձակով որպիսին իրենից առաջ չկար: Նա ոչ թե գրել է նրանց մասին, այլ ՀԵՆՑ վրձնել է նրանց». ռուս մեծանուն գրող Անդրեյ Բիտովի (1937-2018) այս պարզ բանաձևով ենք ՔԵԶ` ՀԱՆԴԻՍԱՏԵՍ, բերում Մաթևոսյանի խոսքի դաշտ:

Ճիշտ նույնպես է Հրանտ Մաթևոսյանը պատմում ԳՈՄԵՇ-ը` էգի, մայրացուի, գեղեցիկի պատմությունը, որ ճանապարհ է ընկնում ամբողջականանալու։

Այսօրվա կարծրատիպային լեզվով, սա քուեսթ է, բայց քանի որ երեկ, այսօր ու վաղը որևէ կարծրատիպ նեղ է գալու իրական արվեստին` Մաթևոսյանը Գոմեշի այս ճամփորդությունը դարձնում է ծես, տոն, ձոն Աստծո ստեղծած` միաժամանակ հզոր ու խոցելի, գեղեցիկ ու փխրուն, ուժեղ և նկուն բնությանը։


Գոմեշի հայացքով մենք տեսնում ենք Նանին, Բասարին, Գայլին, Մինասին... մարդկանց - Մեզ, Աշխարհը` որի մեջ Երկինքն ու Երկիրը, Հողն ու Ջուրը, Մարդն ու Կենդանին պիտի ստեղծեն, հյուսեն Գոյի այն ներդաշնակությունը, որ ինքը կյանքն է: Բայց հազիվ թե հյուսում են:

Վկա` Մաթևոսյանի ԳՈՄԵՇԸ` մի ճամփորդություն դեպի մեր ներսը:
Հիմա, ավելի` քան երբևէ, մեր ներսն ու մեր շուրջը նայելու և տեսնելու ժամանակն է:

Ամենից շատ դիտված