Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի Բարեկամների խմբի բարձրաստիճան հանդիպմանը, հայտնում է ՀՀ ԱԳՄԱ-ը։
«Իր ելույթում ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական զարգացումներին՝ ընդգծելով հաստատված խաղաղության առարկայական համագործակցությամբ ամրապնդման և ինստիտուցիոնալացման կարևորությունը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական հնարավորությունների և ժողովուրդների միջև շփումների ընդլայնման միջոցով։
Խաղաղության ամրապնդման գործում կրթության դերի համատեքստում ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից միաձայն ընդունված՝ Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։
Նոր և զարգացող տեխնոլոգիաների դերի համատեքստում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է 1954թ. Հաագայի կոնվենցիայի բարձր պայմանավորվող կողմերի հանդիպման շրջանակներում 2025թ. Հայաստանի նախաձեռնությամբ և միաձայն ընդունված բանաձևը՝ ուղղված նոր և զարգացող տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային ժառանգության պաշտպանության և վերականգնման ամրապնդմանը։
Անդրադառնալով հակամարտություններից տուժած մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային ջանքերում Հայաստանի շարունակական ներդրմանը՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը շեշտել է ընթացիկ տարվա մայիսին Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքին (ALIPH) Հայաստանի անդամակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ: