2023 թվականի սեպտեմբերի 25-ը մնալու է որպես հայոց պատմության ամենասև ու ողբերգական էջերից մեկը։ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում գտնվող վառելիքի պահեստի խոշոր պայթյունը խլեց ավելի քան 218 արցախցիների կյանք, հարյուրավոր մարդիկ ստացան ծանր մարմնական ու հոգեբանական վնասվածքներ, իսկ 22 ընտանիք մինչ օրս շարունակում է փնտրել իրենց հարազատներին, որոնք պաշտոնապես համարվում են անհայտ կորած։
Երեք տարի անց այս աղետի վերքերը ոչ միայն չեն սպիացել, այլև ավելի են խորացել՝ արդարության և պատասխանատվության բացակայության պատճառով։
2023 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից և Արցախի փաստացի կապիտուլյացիայից հետո տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվեցին շրջափակման ու սովի ճիրաններում։ Կյանքը փրկելու և Հայաստան տեղափոխվելու միակ հույսը սեփական ավտոմեքենաներն էին, սակայն Արցախում վառելիք չկար։
Սեպտեմբերի 25-ին լուր տարածվեց, որ Ստեփանակերտի մոտակայքում գտնվող զինվորական պահեստից բենզին է բաժանվում։ Հազարավոր հուսահատ մարդիկ՝ կանանցով ու երեխաներով, շտապեցին այնտեղ։ Խուճապի, կազմակերպվածության իսպառ բացակայության և ծայրահեղ ճգնաժամի պայմաններում որոտաց հզոր պայթյունը, որը վայրկյանների ընթացքում մոխրի վերածեց հարյուրավոր ճակատագրեր։ Մարդիկ, ովքեր փորձում էին փրկել իրենց ընտանիքները, այդպես էլ տուն չհասան։
Այսօր՝ աղետից ուղիղ երեք տարի անց, հանրության հիմնական հարցը մնում է անպատասխան՝ ո՞վ է պատասխանատու այս ողբերգության համար։
Թեև ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական վարույթ, պաշտոնական տվյալներով որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Որևէ բարձրաստիճան պաշտոնյա կամ զինվորական, ով պարտավոր էր ապահովել պահեստի անվտանգությունը կամ կազմակերպել վառելիքի կանոնավոր ու անվտանգ բաշխումը, մինչ օրս մեղադրյալի աթոռին չէ։
Այսօր, երբ հանրությունն ու տուժածների հարազատները սպասում են գեթ մեկ քայլ առաջընթացի մասին լուրի, պետական պատասխանատու կառույցները նախընտրում են թաքնվել բյուրոկրատական «թղթաբանության» հետևում։
Oragir.News-ը փորձեց Քննչական կոմիտեից օպերատիվ տեղեկատվություն ստանալ սույն քրեական գործի ընթացքի վերաբերյալ, մասնավորապես՝ ո՞ր փուլում է գտնվում վարույթը և ի՞նչ հիմնական վարկածներ են առաջ քաշվել։ Սակայն մեր հարցին ի պատասխան՝ կառույցից ընդամենը հայտնեցին, որ հարկավոր է գրավոր հարցում ուղարկել։
Այսպիսով, աղետից երեք տարի անց այս գործով դեռևս որևէ մեղադրյալ կամ կասկածյալ չկա, իսկ պաշտոնական կառույցներն այս մասով նոր հաղորդագրություններ չեն տարածում։ Բնականաբար, եթե իրավական գործընթացում շոշափելի առաջընթաց գրանցվեր կամ պատասխանատվության ենթակա անձանց շրջանակ ձևավորվեր, հանրությունն անպայման տեղյակ կլիներ։
Այս գործի ընթացքի վերաբերյալ Քննչական կոմիտեի վերջին հանրային պարզաբանումներից մեկը եղել է 2025 թվականի փետրվարին, երբ կառույցից հայտնել էին, որ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի փաստով հարուցված քրեական գործով կասկածյալներ չկան, և նախաքննությունը դեռևս շարունակվում է։
Հասմիկ Մովսիսյան